Հասարակություն 

Մեկնարկեց «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

analitik.am

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ մեկնարկեց Մխիթարյան միաբանության «Բազմավէպ» հայագիտական, բանասիրական, գրական հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: Շնորհավորելով «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյա հոբելյանի առթիվ՝ Մխիթար Հայրապետյանը մասնավորապես նշեց. «Մխիթարյան միաբանությունը գիտական և մշակութային գործունեության հետ մեկտեղ, ստանձնելով նաև հայ լրագրության զարգացումը խթանելու պատվաբեր առաքելությունը, 175 տարի առաջ դարձավ հայ մամուլի ստեղծման հիմնաքարերից մեկը: Հայագիտության զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող «Բազմավէպ» պարբերականն ունեցել է ավելի քան չորս տասնյակ խմբագրապետ, ովքեր իրենց անմնացորդ աշխատանքով ապացուցել են, որ եվրոպական միտքն ու գաղափարները հենց իրենց շնորհիվ է` ներմուծվել հայ մշակույթ: Անչափ ուրախ եմ և ինձ համար մեծ պատիվ է այսօր այս դահլիճում ողջունելու նրանցից Հայր Լևոն Զեքիյանին, Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանին, Հայր Վահան Օհանյանին և Հայր Սերովբե Չամուրլյանին»:

Դիմելով  Հայաստանի Հանրապետությունում  Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց. «Ձերդ գերազանցություն պարո՛ն դեսպան, խնդրում եմ իմ երախտագիտության խոսքը փոխանցել Իտալիայի ժողովրդին և կառավարությանը՝ հայասիրության, մեր ժողովրդին ցուցաբերած վերաբերմունքի, առանձնապես Իտալիայի սրտում՝ Սուրբ Ղազարի հայ ազգային հոգևոր-մշակութային ունեցվածքը կարևորելու, պահպանելու և աշխարհին ներկայացնելու համար»:

Ելույթն ամփոփելիս Մխիթար Հայրապետյանը շնորհավորեց նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյա հոբելյանի առթիվ:

Ներկաներին փոխանցվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի,  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Գրիգոր Պետրոս Ի-ի օրհնության խոսքերը:

Մխիթարյան միաբանության Քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը իր խոսքում շեշտեց, որ «Բազմավէպ»-ի 175-ամյակը զուգադիպում է ՀՀ ԳԱԱ 75-ամյակին և Մխիթարյան միաբանության 300-ամյակի միջոցառումների եզրափակմանը։

Միջազգային գիտաժողովի բացմանը ելույթներ ունեցան նաև Հայաստանի Հանրապետությունում  Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոը, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար  Յուրի Սուվարյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Ամերիկայի  Հայ  Ավետարանչական ընկերակցության մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը փոխանցեց Ամերիկայի  Հայ  Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի ողջույնի խոսքը:

Գիտաժողովն իր աշխատանքերը կշարունակի այսօր և վաղը՝ երկու բաժանմունքերով:

Կներկայացվեն զեկուցումներ ըստ հայագիտության տարբեր ուղղությունների, կծավալվեն բանավեճեր ու քննարկումներ՝ լիագումար և թեմատիկ նիստերով:

Նույն շարքից