Քաղաքական 

Մենք Հայաստանին տեսնում ենք ինտեգրացիայի լիարժեք անդամ. Վ. Պուտին

Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Մաքսային միության անդամակցությունը հնարավորինս արդյունավետ լինի Հայաստանի համար: Այս մասին Գյումրիում անցկացվող ռուս-հայկական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց պետական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Փորձագետների և տնտեսագետների հաշվարկները ևս ցույց են տվել, որ Հայաստանի համար Մաքսային միության անդամակցությունը շահավետ է: Սա Հայաստանի իշխանությունների և ժողովրդի ընտրությունն է, և մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել հայկական կողմի որդեգրած քաղաքականությանը«- ասաց Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծեց, որ Հայաստանին տեսնում է որպես Մաքսային միության լիարժեք անդամ: «Մենք Հայաստանին տեսնում ենք ինտեգրացիայի լիարժեք անդամ և կանենք հնարավոր ամեն ինչ, որ գործընթացը հնարավորինս արդյունավետ լինի Հայաստանի  համար»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ այս որոշմամբ Հայաստանը կամրապնդի իր տնտեսական պոտենցիալը:

ՌԴ նախագահի խոսքով, անդամակցությունը Մաքսային միությանն ու Միասնական եվրասիական տնտեսական գոտուն հսկայական արդյունքներ է բերել Ռուսաստանին, Բելառուսին եւ Ղազախստանին: «2013-ին եռյակի ՀՆԱ-ն բարձրացել է 1.70 տոկոսով: Մաքսային եւ ադմինիստրատիվ արգելքների հանումը նպաստում է առեւտրաշրջանառության բարձրացմանը: Առեւտրի ծավալը Մաքսային միության եւ Միասնական եվրասիական ազատ գոտում հունվար-օգոստոս ամիսներին բարձրացել է 2 տոկոսով: Այսօր Մաքսային միության անդամ երկրների ձեռնարկատերերը կարող են ընտրել իրենց ընկերությունների համար տեղի գրանցումն ու նրանց բիզնեսի համար կստեղծվեն բոլոր հարմարավետ պայմանները»,- ընդգծեց նա:

 ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը երբեք չի պատրաստվում «հեռանալ« Կովկասից: «Հակառակը, մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերը Կովկասում` հենվելով նրա վրա, որ ժառանգել ենք մեր նախնիներից, և  հենվելով այն բարիդրացիական հարաբերությունների վրա, որ ունենք ԱՊՀ երկրների` այդ թվում Հայաստանի հետ»,- նշեց Պուտինը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:  ՌԴ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարներ, Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետներ, տարբեր ոլորտների ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ: 

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո, Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ կդնեն երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցեն զոհերի հիշատակին, որից հետո կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայան: 

Նույն շարքից