Քաղաքականություն 

Ստորագրվել է Հայաստանի և Կորեայի կառավարությունների միջև Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը

Հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ու Յուն-Գընին:

Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը Հայաստանի կառավարության երախտագիտությունը հայտնեց Կորեայի կառավարությանը՝ Հայաստանին հուզող տարբեր հարցերում ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների հանձնառությունը ձեռնարկելու գործնական քայլեր Կորեայի Հանրապետության հետ տարբեր բնագավառներում համագործակցության խորացման և հետագա ընդլայնման ուղղությամբ: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ զրուցակիցներն առանձնացրեցին առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները: Այս առնչությամբ հատուկ անդրադարձ կատարվեց Եվրասիական տնտեսական միության և Կորեայի միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Անդրադառնալով երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունն իր գործունեությամբ ապացուցել է հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարին և արդարադատության համակարգի ամրապնդմանը, որոնք հանդիսանում են սոցիալ-տնտեսական ոլորտում իրավահավասարության ապահովման հիմնական երաշխիքները: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը կարևորեց կառավարության զարգացման օրակարգի գերակա ուղղություն հանդիսացող բարձր տեխնոլոգիաների, նորարարության ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի ձեռնարկումը: Այս առնչությամբ երկուստեք ընդգծվեց երկկողմ հարաբերությունների օրակարգում կրթության, մասնավորապես՝ ստեղծագործ կրթության ոլորտին առանձնահատուկ ուշադրություն դարձնելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ՝ հատուկ անդրադարձ կատարելով կորեական թերակզում վերջին զարգացումներին և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Երկուստեք ընդգծվեց միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակներում հիմնախնդիրների՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Ու Յուն-Գըն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը՝ համոզմունք հայտնելով, որ այս կարևորագույն փաստաթուղթը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության գործնական զարգացման հարցում:

  • 85
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    89
    Shares

Related Articles