Հասարակություն 

Քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածության խնդիր չկա, համաներումը մարդասիրական ակտ է․ Զեյնալյան

analitik.am

Համաներումը գալիք շաբաթվա ընթացքում ԱԺ-ում կքննարկվի։ Այսօր՝ սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Հարցին, թե արդյոք համաներման պատճառը քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվաությունն է, Զեյնալյանն ասաց, որ Հայաստանում այսօր քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածության խնդիր չկա․ «Չկա մեկը, ով քնելու տեղ չունի՝ հերթով են քնում։ Այսօր քրեակատարողական հիմնարկներում կալանավորների և դատապարտյալների քանակը հասնում է 2930-40, այսպիսի ցուցանիշ Հայաստանում չի եղել, եղել է 3800 և ավելի»։

Խոսելով համաներման նպատակների մասին, նախարարը հայտնեց, որ նպատակը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը չի․ «Չակերտավոր ասած՝ մենք կալանավորների կամ դատապարտյալների ավելցուկ չունենք։ Սա համաներում է, սա մարդասիրական ակտ է, մարդասիրական ակցիա»։

Այն հարցին, թե նախկինում՝ Սերժ Սարգսյանի օրոք, համաներումը կիրառվել է նրա շրջապատի նկատմամբ, Զեյնալյանը պատասխանեց, որ ներումը համաներման հետ կապ չունի․ «Այս պահի դրությամբ ես թվեր չեմ կարող հայտնել, բայց ինչպես արդեն ասացի, շատ ընդարձակ, մեծ ու մարդասիրական համաներում է»։

Իսկ այն հարցին, թե համաներումը Նիկոլ Փաշինյանի քաղաքական առաջարկն ու որոշո՞ւմն է եղել, նախարարն ասաց, որ սա ամբողջ կառավարության և հանրության անունից իրականացվող համաներում է․ «Նախկինում այս մասին հանդես եմ եկել հայտարարություններով և դա ապահովելու նպատակ է հետապնդում, և կառավարությունը հավանության է արժանացրել։ Սա ձեր համաներումն է, սա բոլորի համաներումն է»։

Իսկ թե ինչու համաներման մասին առաջարկը չի հնչել նախընտրական շրջանում, կամ այլ, օրինակ սեպտեմբերի 21-ին անկախության օրվա առթիվ, Զեյնալյանը հայտարարեց, որ դա որևէ առնչություն չունի նախընտրական ժամանակահատվածի հետ․ «Իմ մտքով անգամ չէր անցել, որ կարելի է նման բան մտածել»։

Նա նշեց նաև, որ նախարար նշանակվելուց 10 օր հետո նախագիծը, ըստ էության, արդեն պատրաստ է եղել և ամբողջը վերլուծվել ու քննարկվել է։

Նույն շարքից