Քաղաքական 

Դժվար է ասել, թե հանրությունը որ պահին կպայթի. Ա. Գրիգորյան

Շատ դժվար է ասել, թե հանրությունը որ պահին կպայթի: Ոչ ոք չէր պատկերացնի, որ Ուկրաինայում նման զարգացումներ տեղի կունենային: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով երկրում տեղի ունեցող զարգացումների մասին, ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը՝ ավելացնելով. «Չենք կարող ասել, թե Հայաստանում Ուկրաինայի օրինակը չի կարող կրկնվել»:

«Մասսաներ կան, որոնք դուրս են գալիս փողոց ու փորձում են քաղաքական կուրս թելադրել, դրան իշխանությունները ուշադրություն չեն դարձնում, ու դա կարող է բերել ծանր հետևանքների: Այդ հետևանքներից ամենաառաջինը երևաց արաբական երկրներում»,-նկատեց վերլուծաբանը՝ շարունակելով, թե նման իրադարձություն է տեղի ունենում նաև Ուկրաինայում, քանի որ իշխանությունները հաշվի չէին առել, որ կարող է դեպքերի այսպիսի զարգացում տեղի ունենա:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցին ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ապա Ա. Գրիգորյանի գնահատմամբ՝ տեղի ունեցած բողոքի ակցիան բավական մեծ ազդեցություն ունեցավ, քանի որ սոցիալական մեդիան և միջազգային մամուլը հիմնականում բողոքի ակցիային էին անդրադարձել:

«Երբ առանց հանրային քննարկման որոշում կայացվեց, որ քաղաքական նոր կուրս է ընդունվում ու պետք է գնալ դեպի Մաքսային միություն, հանրությունը սկսեց ընդվզել: Պետք է հանրային քննարկում լիներ ու հիմնավորված մեկնաբանվեր, թե ինչի համար է այս որոշումը կայացվում: Այլապես էլի մնաց այն տարբերակը, որ Սերժ Սարգսյանը մենակ որոշում է կայացրել ու գնացել այդ քայլին»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Քաղաքագետն այն համոզմանն է, որ պետք է բալանսավորված քաղաքականություն վարել: «Երբ դու գնում ես մի ուղղությամբ, քո վրա ճնշումները շատանում են: Դրա համար լավագույն տարբերակը բալանսավորված, երկու կողմի հետ հարաբերություն ունենալն է»,- եզրափակեց Ա. Գրիգորյանը:

Նույն շարքից