Քաղաքականություն 

Թմրամիջոցների դեմ պայքարից մինչև օլիգարխիայի դեմ պայքար. Փաշինյանը հիմնավորում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու որոշումը

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Սյունիքում իր այցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսելով այն մասին, թե ինչու է ՀՀ նախկին փոխոստիկանապետին նշանակել Սյունիքի մարզպետ, հայտարարեց, որ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, ինչն արտահայտվում է նաև նրանով, որ հենց այդ մարզերով է անցնում ՀՀ-ն Իրանին կապող միակ ճանապարհը. «Մենք ունենք երկու սահման՝ Վրաստանի հետ սահման և Իրանի հետ: Վրաստանի հետ կապող երեք ճանապարհ ունենք, իսկ Իրանի հետ՝ մեկ ՝ միայն Սյունիքի մարզով: Սա ստրատեգիական նշանակություն ունի: Բացի դրանից, Սյունիքն այսօր արդյունաբերական ամենախոշոր կենտրոններից է, եթե ոչ ամենախոշորը: Սյունիքը ստրատեգիական նշանակություն ունի: Սա պատմում է մարզպետի շուրջ որոշման կայացման տրամաբանությունը բացատրելու համար»:

Երկրորդ խնդիրը, որն անհանգստացնում է Փաշինյանին, թմրամիջոցի խնդիրն է․ «Ցավոք սրտի Սյունիքում հաճախ արձանագրվում է թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսք դեպի ՀՀ: Այդ թմրամիջոցների մի մասը դուրս է գալիս Հայաստանից՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը, մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երիտասարդությանը: Ինձ համար սա հատուկ կարևորության խնդիր է՝ կոտրել այդ նարկոթրաֆիկի ողնաշարը: Միամտություն կլինի կարծել, թե դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում: Նրանք չեն կարող գործել, եթե տեղում չունենան գործակիցներ»։

Երրորդ պատճառն օլիգարխիայի դեմ պայքարն է. «Ես ասում եմ, որ Հայաստանում չկա օլիգարխիա: Այսօր այդ մասով ամենառիսկային գոտին համարում եմ Սյունիքը: Այսօր էլ Կապանում զբոսանքի ժամանակ քաղաքացիները մոտենում էին և ասում, որ այստեղ փորձ է արվում վերականգնել օլիգարխիական հին տրամաբանությունը: Ինձ մոտենում են մարդիկ, ահազանգում, որ այստեղ շարունակում է ծանրակշիռ մնալ կրիմինալի ազդեցությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ ազատագրված Սյունիքում այսպիսի երևույթները զարգանան: Երբ ես մտածել եմ Սյունիքի մարզպետի թեկնածության մասին, իմ պատկերացումը եղել է հետևյալը, որ այդ մարդը պետք է լինի զինվորական կոչում ունեցող մարդ, որպեսզի կարողանա ոտքերի վրա պինդ կանգնել: Այդ երևույթների դեմ կանգնել և ձեռքը խփել սեղանին: Այդ թեմայի մասին մտածելիս ես կանգ եմ առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա»։:

Ապա Փաշինյանը հիշեցրեց, որ Պողոսյանի հետ Հայաստանում հայտնի իրադարձությունների ժամանակ հանդիպել է փշալարերի մյուս կողմից, երբ վիրավորվելուց հետո վերջինիս օգնությամբ տեղափոխվեց հիվանդանոց:

Նույն շարքից