Քաղաքական 

Մենք «բեյջով» ենք տարբերում լրագրողներին.Մերուժան Հակոբյան

Քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն այսօր կայացած ասուլիսին մեկնաբանելով երեկ Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիան՝ կարծիք հայտնեց, թե այն Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու համար էր, որը խոչընդոտվեց ոստիկանների կողմից:

 

Նա պատմեց. «Առավոտյան առաջինը մենք ենք բերման ենթարկվել ոստիկանություն, ինչն ապօրինի էր: Ոստիկանությունում մոտ երկու ժամ ոչ մի գործընթաց չէր կատարվում: Ինչ վերաբերում է փաստաթղթային հիմքերին, նրանք մեզ ներկայացրին, թե չենք ենթարկվել Ոստիկանության օրինական պահանջին: Սակայն մեզ որևէ պահանջ չէր ներկայացվել: Մեզ անընդհատ շեշտում էին, որ հրավիրում են Ոստիկանություն, սակայն չկա այդպիսի բան»:

 

Ակտիվիստը նաև ասաց, որ երբ ինքը փորձել է պարզել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանից, թե ինչու՞ են քաղաքացիներին բերման ենթարկում, վերջինս նրան պատասխանել է, թե «դու այստեղից ցվրվեիր, լավ կանեիր»:

 

Նրա վստահեցմամբ՝ երեկվա ակցիայի ժամանակ որևէ քաղաքացի չի խախտել հասարակական կարգ, որևէ մեկը զինված չի եղել, անկարգություններ թույլ չի տվել:

 

Ասուլիսին ներկա լրագրող Վարդան Մինասյանը, ով նույնպես երեկ բերման էր ենթարկվել, պատմեց, որ փորձել է ֆիքսել այն պահը, երբ Լևոն Բարսեղյանին էին բերման ենթարկում, դրանից էլ ամեն ինչ սկսվել է. «Կողքս կանգնած էր Երևանի ոստիկանապետը, ով խլեց ձեռքիցս ֆոտոխցիկը: Դրանից հետո երկու հոգի բռնի ուժով գցեցին մեքենան ինձ և տարան: Երբ մեքենայի միջից փորձեցի զանգել խմբագրություն և տեղեկացնել կատարվածի մասին, ոստիկաններից մեկը հարվածեց ծնոտիս: Հենց մեքենայի մեջ ծեծեցին կողքիս երկու հոգուն»:

 

Լրագրողի փոխանցմամբ՝ Աշոտ Կարապետյանից սկսած ինքն ասել է, որ լրագրող է: «Էդ անչափահաս էրեխեքին թողած՝ սկսեցին ինձնով զբաղվել և այդ շարքից առաջինն ինձ ազատ արձակեցին: Մեքենայում ահավոր էր վերաբերմունքը, ձեռնաշղթաներ էին հագցրել: Իմ խցիկն այդպես էլ չվերադարձրին»,-ասաց նա:

 

Քննարկմանը ներկա էր նաև Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը, ով ասաց, թե երեկ որևէ ինքնանպատակ բան չի եղել, մարդկանց բերման ենթարկելու քանակի, պատվերի խնդիր գոյություն չուներ: Իսկ լրագրողի հետ կատարվածի մասին ասաց, որ իրենք միայն լրագրողական «բեյջով» են տարբերում լրագրողներին, բայց երբ հանցագործություն է կատարվել, ու մի քանի հոգի վազում են, ոստիկանը ետևից չի կարող տարբերել, թե լրագրո՞ղ է տվյալ քաղաքացին, թե ոչ:

 

«Լրագրողներին տարբերակելու համար քայլեր կձեռնարկվեն, կմտածենք տարբերակներ, որպեսզի նման դեպքերում առանձնացնենք լրագրողներին»,-ասաց նա:

Նույն շարքից