ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան դրական գնահատեց: «Այցը աննախադեպ էր իր արդյունքներով, և բոլոր այն սկեպտիկները, ովքեր կասկածանքով էին մոտենում, որ այդ այցով շոշափելի, լուրջ առաջընթաց կնկատվի նաև Հայաստանի հասարակ քաղաքացու կյանքում, սխալվեցին: Ես կարող եմ ընդամենն ասել, որ Հայաստանի հասարակ քաղաքացին իր մաշկի վրա կզգա այդ այցի դրական արդյունքները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շարմազանովը և փորձեց օրինակով իր խոսքը հաստատել։
Ըստ նրա, նախևառաջ ևս մեկ անգամ վերահաստատվեց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը: «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգության խնդիրը գլխավորն է, և առանց անվտանգության ու խաղաղության երաշխիքի դժվար թե կարողանանք խոսել սոցիալական, տնտեսական բարեփոխումներից, ժողովրդական զարգացումներից, և մեր դաշնակից երկրի նախագահի այցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունները պետք է շարունակվեն, դա հավելյալ երաշխիք է անվտանգության համար»,- նշեց նա և շեշտեց. «Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի առաջնորդի՝ Ռուսաստանի նախագահի խոսքերը, որ ԼՂՀ-ի հարցում բացառապես քաղաքական և խաղաղ լուծում պետք է լինի»:
Այնուհետև Շարմազանովը նշեց, թե ոչ պակաս կարևոր է գազի սակագնի փոփոխությունը: «Եթե այսօր 270 դոլար է, ապա փոխվում է 189 դոլարի, և ես կարծում եմ՝ դա շոշափելի դրական տեղաշարժ է մեր հասարակ քաղաքացու կյանքում: Մեր տնտեսվարողները կարող են նավթամթերքը գնել առանց երեսուն տոկոս մաքսատուրքի, ինչը ևս առաջընթաց է: Պարոն նախագահը շատ ճիշտ նշեց, որ այս այցը նոր էջ է խորհրդանշում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ հասարակ քաղաքացու համար, հարցնում եմ սկեպտիկներին»,-ասաց նա՝ պնդելով, որ «ՀայՌուսգազարդի» 20%-ի բաշխումն էլ ռուսական կողմին սուվերենության կորուստ չէ։
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի հայտարարությանը, թե իրենք չեն հեռանալու Կովկասից, ավելին՝ ավելի են ամրապնդվելու այստեղ, ապա ՀՀԿ խոսնակը նշեց, թե դա շատ բնական է: «Յուրաքանչյուր մեծ երկիր ունի իր աշխարհաքաղաքական շահերը, ավելին՝ դա դրական հայտարարություն է Հայաստանի համար: Ես ցավում եմ, որ որոշ «վերլուծաբաններ» և մարգինալ (լուսանցքում հայտնված) քաղաքական գործիչներ Պուտինի այդ հայտարարությունը փորձում են այլ կերպ մեկնաբանել: Երբ որ մեր դաշնակից երկրի ղեկավարն ասում է, որ չեն գնալու Հարավային Կովկասից, դա նշանակում է, որ ռուսական ռազմաբազան մնալու է Հայաստանում, որ ՀՀ-ն ՌԴ-ի ներքին գներով իրավունք ունի ռազմատեխնիկա գնել հենց Ռուսաստանից։ Հայաստանը ուժեղացնելու է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում և հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունում»,- ասաց նա:
Շարմազանովը հիշեցրեց, որ Հայաստանը որպես ռազմական միավորում ընտրել է ՀԱՊԿ-ը և Պուտինի հայտարարությունը արդարացնում է այդ ընտրությունը: «Ցավում եմ, որ ՀՀ-ում կան մարդիկ, քաղաքական գործիչներ, ովքեր նույնիսկ ՀՀ պետական շահերից բխող հայտարարությունը փորձում են ձևափոխել ու ներկայացնել այլ կերպ»,- եզրափակեց Շարմազանովը: