Հասարակություն 

ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը համագործակցում են ի նպաստ հայապահպանության

analitik.am

ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Վերջինս պաշտոնապես հաստատում է նախարարության և ՀՎՀ-ի միջև ձևավորված երկարատև համագործակցությունը՝ միտված հայ ինքնության պահպանմանը սփյուռքում: Հուշագրի համաձայն՝ համալսարանը կաջակցի նախարարությանը երիտասարդական, հայրենաճանաչողական ու այլ ծրագրերի շրջանակներում կրթական միջոցառումների իրականացմանը: ՀՎՀ-ն նաև հայոց լեզվի, պատմության և մշակույթի դասընթացներ կտրամադրի նախարարության կողմից կազմակերպվող «Քայլ դեպի տուն», ինչպես նաև այլ ծրագրերի մասնակիցներին:

Այս գործակցության հիմքը դրվեց «Քայլ դեպի տուն» ծրագրի մեկնարկով, որի 440 մասնակիցները հայոց լեզու, պատմություն և մշակույթ սովորեցին 8-օրյա դասընթացների ընթացքում: Ծրագրի կրթական բաղադրիչի հիմքում ՀՎՀ-ի օնլայն դասընթացներն էին և հիբրիդ կրթության մեթոդը՝ օնլայն և ավանդական կրթության համակցմամբ: ՀՎՀ-ն նաև անվճար կազմակերպեց ծրագրում ընդգրկված ավելի քան 20 ուսուցիչների վերապատրաստումը:

Նկարներով, տեսանյութերով և ինտերակտիվ վարժություններով հարուստ օնլայն դասերի շնորհիվ դասընթացները դարձան հետաքրքիր և արդյունավետ, իսկ բովանդակությունը հարմարեցված էր ուսանողների լեզվի իմացության մակարդակին: Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները ստացան ՀՎՀ վկայական: ՀՎՀ-ն նրանց համար կազմակերպեց նաև միջոցառումների շարք՝ ներկայացնելու համալսարանի ծրագրերը և օնլայն կրթության հնարավորությունները:

«Քայլ դեպի տուն» ծրագրի ներուժը բարձրացնելու նպատակով ՀՎՀ-ն մասնակիցներին տվեց ուսումն օնլայն շարունակելու և իրենց նախընտրած մեկ դասընթացին անվճար հիմունքներով մասնակցելու  հնարավորություն:  Նրանցից մի քանիսն արդեն գրանցվել են  ՀՎՀ-ում ուսումը շարունակելու համար:

 

Նույն շարքից