Քաղաքական 

Թուրքիան 190.000 եվրո փոխհատուցում պետք է վճարեր Իրան արտաքսված ուզբեկներին

Թուրքիայի իշխանություններն ավելի քան 190 հազ. եվրո փոխհատուցում պետք է վճարեն 19 ուզբեկների, որոնք ծնվել են 1969-2008թթ. ընթացքում և որոնց իրավունքները խախտվել են դեպի Իրան անօրինական արտաքսման ընթացքում։ Համապատասխան որոշումը կայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Բոլոր հայցվորները 4 ուզբեկ ընտանիքներից են, որոնք 2001-ին գաղթել են Իրան, որտեղ ՄԱԿ-ի կողմից նրանց փախստականի կարգավիճակ է հատկացվել։ Իրենց կարգավիճակը հաստատող փաստաթուղթը ստանալու համար նրանք ստիպված են եղել 2007-ին մեկնել Թուրքիա։ Այնտեղ նրանց կանչել են ոստիկանություն՝ պարենային մթերքներ ստանալու համար, սական փոխարենը ձերբակալել են և արտաքսել Իրան։ Հետագայում նրանք անօրինական ճանապարհով մտել են թուրքական տարածք, որտեղից նրանց կրկին վերադարձրել են Իրան։

 

ՄԻԵԴ-ը գրանցել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (Բռնությունների արգելք, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունք)։

Բացի այդ, Ստրասբուրգի դատարանը նշել է նաև հայցվորների ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտում. նրանց չեն բացատրել ձերբակալման պատճառները և հնարավորություն չեն տվել բողոքարկել դատարանում իրավապահ մարմինների գործողությունները։

 

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Թուրքիային փոխհատուցել նաև հայցվորների դատական ծախսերը՝ 3.400 եվրո։

 

Նույն շարքից