Քաղաքականություն 

Հայկ Մարությանը հանդիպել է Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանի հետ

analitik.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանի հետ:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Հայկ Մարությանը մեծապես կարևորել է Բեյրութի հետ ունեցած Երևանի գործընկերային և բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև բարձր է գնահատել հայազգի քաղաքական և հասարակական գործչի անձնական ավանդն այդ գործում:

Անդրադառնալով երկու քաղաքների միջև հաստատված համագործակցությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանն իր պատրաստակամությունն է հայտնել այն էլ ավելի զարգացնելու և նոր մակարդակի վրա դնելու հարցում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արամ Մալյանը Բեյրութի քաղաքապետի շնորհավորանքն ու ջերմ ողջույններն է փոխանցել Հայկ Մարությանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և վստահեցրել, որ իր լիազորությունների շրջանակում կշարունակի անել հնարավորը, որպեսզի Երևանի և Բեյրութի միջև փոխգործակցությունն ընդգրկի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ ու լինի առարկայական:

Արամ Մալյանն ընդգծել է, որ Երևանն ու Բեյրութը համատեղ ծրագրերի իրականացման համար իսկապես մեծ ներուժ ունեն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից