ԱԺ քարտուղարությունից վերցնելով ԱԺ չորս խմբակցությունների առաջարկած կենսաթոշակների օրենքում կուտակային պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու նախագիծը, որը մերժվեց «Հանրապետական» և «Օրինաց երկիր» խմբակցությունների կողմից՝ ձայների 45/53 հարաբերակցությամբ, պարզվեց, որ եթե «Բարգավաճ Հայաստան» «Հայ ազգային կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» «Ժառանգություն» խմբակցության անդամները չբացակայեին կամ քվեարկեին, ապա նախագիծը կանցներ:
Այսպես. պարզվեց, որ օրինագիծը առաջարկած խմբակցություններից տասը պատգամավոր քվեարկությանը կամ չի մասնակցել կամ բացակա է եղել, և բոլորի կողմից քվեարկելու դեպքում կստացվեր ձայների 55/ 53 հարաբերակցություն հօգուտ «կողմ» ձայների:
Նշենք, որ այս քվեարկությանը պահանջվում էր քվեարկողների ձայների պարզ մեծամասնություն, այսինքն՝ 50 «կողմը» բավարար կլիներ նախագիծն անցկացնելու համար:
Այսպես. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից քվեարկությանը չեն մասնակցել Գագիկ Ծառուկյանը, Դավիթ Քոչարյանը, բացակայել են՝ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Կարո Կարապետյանը, Գրիգոր Գրիգորյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը՝ բացակայել է, ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը չի քվեարկել, Արմեն Ռուստամյանը բացակայել է, իսկ «Ժառանգությունից» բացակայել է Թևան Պողոսյանը:
Ըստ որում, կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելուն «կողմ» է քվեարկել նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ Թևան Պողոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Մարգարյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ գտնվում են Հնդկաստանում։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ն 45 կողմ 53 դեմ հարաբերակցությամբ դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակների օրենքում պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախագծին:
Այսպիսով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ: