Հասարակություն 

Զգուշացում ՀԲԸՄ-ին. Կազմակերպության հարթակն օգտագործվում է մատաղ սերնդին շողոքորթության ոգով դաստիարակելու համար․ «ԱԱ» կուսակցություն

analitik.am

«Մի քանի օր առաջ համացանցում մի տեսանյութ էր տարածվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկեան-Դեմիրճեան վարժարանից, որտեղ ուսուցչուհի-դաստիարակները մոլեռանդ կերպով դահլիճում հավաքված երեխաներին խմբակային սովորեցնում և կրկնել էին տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իմ քայլը» բանաստեղծությունը։

«Արժանապատիվ ապագա» կուսակցությունը դատապարտում և իր խիստ վրդովմունքն է արտահայտում վերը նշված փաստի կապակցությամբ։ Բացարձակ անընդունելի է, երբ ՀԲԸՄ-ի հարթակում զոմբիացվում են անչափահաս երեխաները՝ մանուկ հասակից դաստիարակվելով շողոքորթության ոգով: Արևելյան Հայաստանի ժառանգորդներս ապրել ենք անձի պաշտամունքի կործանարար պայմաններում և գիտակցում ենք թե ինչով է դա հղի: Արևմտյան Հայաստանի մեր եղբայրներից և քույրերից ակնկալում ենք տրամագծորեն հակառակ՝ անձի ազատությունը և արժանապատվությունը բարձրացնող օրինակներ:

Ընդհանրապես` որպես արդեն երկու տասնամյակ գործող հայաստանյան քաղաքական ուժ մենք բացառիկ կարևորություն ենք տալիս Սփյուռքի մեր հայրենակիցների ընդլայնվող ներգրավմանը Հայաստան պետության և Մայր Հայրենիքի ապագան կերտելու գործում:

Մասնավորապես` «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը հայտարարում է, որ անհրաժեշտ է իրականացնել գործողությունների հստակ ծրագիր՝ դրանց առաջին փուլում արտասահմանում բնակվող բոլոր հայերին անհապաղ էլեկտրոնային ռեզիդենտության կարգավիճակ շնորհելու, երկրորդ փուլում՝ քաղաքացիություն շնորհելու, և երրորդում (առավելագույնը հինգ տարի ժամկետում)՝ նրանց անմիջական մասնակցությունը ընտրական գործընթացներում (ընտրել-ընտրվելու իրավունքը) ապահովելու համար։

Առավել ևս նման հավակնոտ ծրագրի պարագայում ակնկալում ենք Սփյուռքի մեր ավանդական, հարգարժան կառույցներից առավել պատասխանատու վերաբերմունք արժեքների նկատմամբ:

Ազատություն, Սեր, Արժանապատվություն, Բարեկեցություն, Ստեղծարար կյանք և Երջանկություն բոլորին»:

«Արժանապատիվ ապագա» կուսակցություն

Նույն շարքից