Քաղաքականություն 

Ուրախ եմ, որ Հանրապետականի համար ընդդիմադիր գործունեության իդեալի եմ վերածվել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մեր խնդիրը չի եղել ու չի լինելու իշխանությունը պահելը, խնդիրն այն է, որ պահպանվի ժողովրդի իշխանությունը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ սպասելիքներ ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններից:

Փաշինյանը նշեց, որ դեռ վաղ է արդյունքների մասին խոսելու համար, սակայն մի բան հստակ է, որ ընտրությունը կատարելու են քաղաքացիները:

Ամեն դեպքում վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, թե ակնկալում են, որ ԱԺ ընտրություններում միանշանակ հաղթանակ կտանեն, բայց կենտրոնացվածությունը ժողովրդի իշխանության վրա է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ինչ վերաբերում հարցին, թե տեսնում է արդյո՞ք ինքը Հանրապետականին ընդդիմության դերում, վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, թե ինքը չէ, որ պետք է ինչ-որ մեկին տեսնի ընդդիմության կամ իշխանության դերում. «Մեր գործառույթը համարում եմ ընտրողի համար ազատ կամարտահայտման հնարավորություն ստեղծելը, մնացածը պետք է որոշի ժողովուրդը: Պետք է ստեղծվեն հավասար պայմաններ բոլոր ուժերի համար»:

Լրագրողների այն դիտարկմանը, որ Հանրապետականն իշխանությունների համար ցանկանում է դառնալ այնպիսի ընդդիմություն, ինչպիսին Փաշինյանն է նախկինում եղել ՀՀԿ-ի համար, վերջինս ասաց, թե ուրախ է, որ Հանրապետականի համար ընդդիմադիր գործունեության իդեալի է վերածվել, որին նրանք ուզում են նմանվել. «Սա հումոր էր իհարկե: Ամեն դեպքում քաղաքացիներն են պատասխանելու հարցերին, թե ովքեր են լինելու խորհրդարանում, ովքեր՝ ոչ»:

Նույն շարքից