ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնության են եկել արդեն իսկ ձեռք բերված հիմքով շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համատեղ աշխատանքը:
Կիեւից այսօր տարածած միասնական հայտարարությամբ այս մասին տեղեկացնում են հինգ արտգործնախարարները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Հայաստան ու Ադրբեջան):
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կրկին հանդիպել 2014 թվականի սկզբներին:
Նախօրեին Կիեւում՝ ԵԱՀԿ նախարարների կոմիտեի նիստի շրջանակում, կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի առանձնազրույցը, ապա նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու կառույցի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։