Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Պաշտոնական

analitik.am

Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը, առաջիկա ՀՅԴ ընդհանուր ժողովի օրակարգի քննարկման նպատակով։

Ի շարս քաղաքական, կազմակերպական և այլ օրակարգերի, ժողովն անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Քննարկման ավարտին ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցով առանձին հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը՝

– արժևորելով նախընթաց (2015-2018) ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, քննելով ներքաղաքական վիճակը, առկա մարտահավերներն ու հնարավոր զարգացումները,

– կարևորելով քաղաքական ուժերի միջեւ գաղափարական, ծրագրային հենքի վրա փոխադարձ հարգանքի հանդուրժողականության մթնոլոտում քաղաքական պայքարը,

– իբրև ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցություն, նպատակ ունենալով կյանքի կոչել ՀՅԴ արժեհամարկարգից բխող գաղափարական, ծրագրային առաջադրանքները,

– արձանագրելով իր հավատարմությունը ազգային ուղեգծին, Արցախի հանրապետության եւ արցախահայության իրավունքների ամբողջական պաշտպանության, երկրում սոցիալական ու տնտեսական արդարության հաստատման համար պայքարին,

որոշում է մասնակցել Խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Միաժամանակ, Ժողովը՝

– արձանագրում է, որ անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,

– իր մտահոգությունն է հայտնում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ,

– փաստում է, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների եւ երեւույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա:

Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետեւողական եւ վճռական քայլերով։

21, հոկտեմբեր, 2018 թ.

 

Նույն շարքից