ԱԺ հերթական նիստի մեկնարկին, երբ օրակարգային հարցերը դրվում էին քվեարկության ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, դիմելով ՀՀԿ-ին, հայտարարեց. «Դուք էլ եք ընդունում, որ կոռուպցիան մեր երկրի գլխավոր չարիքն է, ուրեմն եկեք միասին քայլ անենք այդ չարիքի դեմ՝ կողմ քվեարկեք օրենքի նախագծին, որը մենք ներկայացրել ենք: Եթե դուք չեք անում այդ քայլը, նշանակում է, որ դառնում եք կոռուպցիայի համար պատասխանատու»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը իր հերթին խոսեց. «Եթե դուք խնդիրներ ունեք՝ ձեր մեջ լուծեք: Այն խնդիրները, որ կապված են կոռուպցիայի հետ, մենք դրանք շատ լավ գիտենք: Մենք դեմ ենք քվեարկելու»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձեց իր հերթին խոսել. «Հարգելի քաղաքական փոքրամասնության մի հատված.... կոռուպցիան, այո, պրոբլեմ է, ախտ է, մեր երկրի ժողովրդավարության համար ամենամեծ պրոբլեմն է: Բայց մենք աստիճանաբար ենք պայքարում դրա դեմ...»,- սակայն, այդպես էլ չհաջողվեց ավարտին հասցնել ելույթը, քանի որ ընդդիմադիրները սկսեցին տեղից ռեպլիկներ թողնել:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց, թե ինչու՞ է խախտվում կանոնակարգը և ձայն տրվում Է. Շարմազանովին, ով բովանդակային քննարկում է ծավալում։ Փաշինյանի դիտարկումը վերաբերվում էր երեկվա միջադեպին, երբ իրեն թույլ չէին տվել վարման կարգով խոսք ասելու՝ պատճառաբանելով, թե բովանդակային քննարկում է ծավալում։
Պատգամավորը նիստը վարող Հերմինե Նաղդալյանից պահանջեց նույն կերպ վարվել, ինչպես իր հետ էին երեկ վարվել և խոսափողն անջատել։
Շարմազանովը շարունակում էր ուշադրություն չդարձնել Փաշինյանին։ «Այո կոռոպիցան մեծ խնդիր է, ախտ է, մեր պետության ու ժողովրդավարության ամենամեծ խոչընդոտներից մեկն է: Բայց այս Թրանսփարենսի ինթերնեյշնլ տվյալներով նայեք, մենք պայքարում ենք, ու Վերահասկիչ պալատի նյութերն էլ ուղարկված են...»,-ասաց նա։
Փաշինյանը շարունակում էր տեղից խանգարել, որից հետո Շարմազանովը բարձրախոսից դուրս խոսքի մեջ օգտագործեց «արա» դիմելաձևը, ինչն էլ հունից հանեց Փաշինյանին։
«Արա»-ն դու ես, մեկ էլ շեֆդ ա»,-նետեց Փաշինյանը։
Օրենքի նախագիծը մերժվեց 10 կողմ, 62 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ։