Հասարակություն 

Նոր հնարավորություններ՝ գերմանական փորձի ներդրման համար

analitik.am

Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այցելել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Դպրոցների որակի և ուսուցիչների վերապատրաստման պետական ինստիտուտ: Քննարկվել են մանկավարժների վերապատրաստման, ուսումնական ծրագրերի և մոդուլների կազմման և գնահատման վերաբերյալ հարցեր:

Նախարարը նշել է, որ դպրոցական կրթության նոր համակարգի ներդրման գերմանական փորձը շատ ուսանելի է մեր երկրի համար, քանի որ գերմանացիները ևս ժամանակին առերեսվել են նույն խնդիրներին: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ գերմանական կողմը մինչև տարեվերջ կայցելի Հայաստան՝ համատեղ կրթական ծրագրեր քննարկելու նպատակով:

Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև ԳԴՀ Բունդեսթագի Կրթության, գիտահետազոտության և տեխնոլոգիաների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էրնսթ Դիթեր Ռոսմանիին: Վերջինս արժևորել է հայ ժողովրդի հարուստ ու, միաժամանակ, բարդ պատմությունը՝ կարևորելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան:

ԿԳ նախարարի պաշտոնակատարն իր հերթին նշել է, որ կանցլերի այցից հետո նկատվում է հայ-գերմանական համագործակցության ընդլայնում և ցանկալի է գիտակրթական համագործակցության զարգացում նաև խորհրդարանական մակարդակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկու երկրների միջև փոխանակման ծրագրերի և վերապատրաստումների ընդլայնման հնարավորությունը:

Էրնսթ Դիթեր Ռոսմանիին հավանության է արժանացրել ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացված բարեփոխումները, մասնավորապես, բուհերի խոշորացման համատեքստում:

Քննարկվել է նաև Գերմանիայի երկրամասերում Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևի իրազեկման գործընթացը, որի առնչությամբ Էրնսթ Դիթեր Ռոսմանիին հավաստիացրել է, որ իրազեկումը կիրականացվի Գերմանիայի երկրամասերի դպրոցներում, քոլեջներում և բուհերում:

Նույն շարքից