Հասարակություն 

Ես անելու եմ ամեն բան, որ երեխան մեծանա ծնողի հետ․ Մանե Թանդիլյանը մանկատան բակում գտնված նորածինների մասին

Ես անելու եմ ամեն բան, որ երեխան այնուամենայնիվ մեծանա ծնողի հետ, ես այդպիսի նպատակ ունեմ։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը՝ խոսելով վերջերս Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված նորածին երկու տղաների ճակատագրի մասին։

Երկվորյակների մոր մասին խոսելիս, նախարարն ընդգծեց, որ միակ նպատակն այն է, որ ծնողը վստահ լինի, որ նրա պաշտպանվածությունն ու խնամքը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում․«Կտեսնեմ ինչպիսի հնարավորություն կա, խորհրդակցում եմ մասնագետների հետ, բայց միակ նպատակն այն է, որ ծնողը պետք է մինչև վերջ վստահ լինի, որ իր պաշտպանությունն ու խնամքը, որը կարող է իրականացնել, գտնվում է մեր ուշադրության կենտրոնում՝ բարձր մակարդակով։ Իր պաշտպանությունն այս առումով ապահոված է։ Նաև այն, որ բազմաթիվ մարդիկ, սոցիալական խնդիրների պատճառով, երեխաներին մանկատուն հանձնելու պրակտիկան պետք է վերանա։ Եվ այդ առումով ես ուզում եմ, որ տարբեր քաղաքացիներ իմանան, որ հենց մանկատան բեռնաթափման այս ծրագիրը հենց դրան է միտված»։

Հիշեցնենք, որ վերջերս Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների։ Իսկ այնուհետև, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը:

Նույն շարքից