Առողջապահություն Հասարակություն 

Հեպատիտ Ց-ի բուժման նոր քայլեր ու դեղերի ապահովման հարցեր են քննարկվել

analitik.am

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Gilead Science դեղագործական ընկերության հանրային առողջության եւ բժշկական հարցերով տնօրեն Այսան Մուրթեզօղլուին եւ Աֆրիկայի ու Կուբայի կառավարությունների հետ կապերի հարցերով գլխավոր տնօրեն Ժիրայր Ռաթևոսյանին:

Կողմերը քննարկել են դեղագործական հանրահայտ այս ընկերության կողմից արտադրվող` հեպատիտ Ց-ի բուժման դեղերի ձեռքբերման պայմաններն ու հնարավորությունները:

Նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդգծել է առողջապահական գերատեսչության հստակ նպատակադրումը` ունենալ հեպատիտ Ց-ի դեմ պայքարի համապարփակ ծրագիր` հնարավորության դեպքում եկող տարվա բյուջետային միջոցներից հատկացումներ անելով:

Ներկայում Հայաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության օժանդակությամբ ամբողջացնում է հեպատիտ Ց-ով հիվանդացության պատկերը, հստակեցնում հիվանդների թիվը` ճշգրտելու նրանց բուժման համար անհրաժեշտ ընդհանուր ծախսը, անհրաժեշտ դեղաքանակն ու համընդհանուր բուժման ապահովման մեխանիզմները: Մոտավոր տվյալներով` Հայաստանում հիվանդների թիվը շուրջ 2 հազար է, սակայն այդ ցուցանիշը կարող է ավելի մեծ լինել չհետազոտված եւ չհայտնաբերված դեպքերի հաշվին:

Կողմերը քննարկել են փոխշահավետ պայմաններով հեպատիտ Ց-ի բուժման դեղամիջոցների ձեռքբերման, նաեւ երկկողմ գործակցությամբ ընդհանուր հետազոտություն անցկացնելու հնարավորությունները:

 

Նույն շարքից