Հասարակություն 

Հայոց պատմությունը, ցեղասպանությունն ու Արցախյան հիմնահարցը՝ եգիպտացիների ուշադրության կենտրոնում

Հոկտեմբերի 22-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Կահիրեի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արմեն Մազլումյանին, եգիպտական «Վետո» թերթի և կայքի ներկայացուցիչներ Էսամ Քամալին և Մայ Աբդ ալ-Ռահմանին, MBC Misr հեռուստաալիքի լրագրող Նորա Քամալին, Եգիպտոսի մշակույթի նախարարության աշխատակից Ահմադ Ֆարրանին: Նրանց՝ Հայաստան այցը նախաձեռնվել է Եգիպտոսի Հայոց առաջնորդարանի կողմից ու հովանավորությամբ և հայկական մշակույթի մասին հոդվածներ և ֆիլմեր պատրաստելու, Հայաստանի թանգարանների մասին արաբերեն ուղեցույցի հրատարակման համար նյութեր ձեռք բերելու, ինչպես նաև Հայաստանում հատված իսլամական մետաղադրամների մասին գիտական հետազոտություններ անցկացնելու նպատակ ունի:

Ողջունելով հյուրերին՝ Մխիթար Հայրապետյանը բարձր գնահատեց նրանց կատարած աշխատանքը, և նշեց, որ Հայաստանը մշտապես պատրաստ է ջերմորեն հյուրընկալել նրանց: Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև սեպտեմբերի վերջին Եգիպտոս կատարած պաշտոնական այցին և այն որակեց գերհագեցած և արդյունավետ:

«Ցանկանում եմ Հայաստանի կառավարության և ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Եգիպտոսի կառավարությանն ու ժողովրդին եգիպտահայերին նման կերպով մեծարելու համար»,-նշեց Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-եգիպտական հարաբերությունները նոր մակարդակի բարձրանալու հեռանկար ունեն:

«Մեր երկրներն ունեն պատմական կապերը, սակայն այդ կապերը պետք է ամրապնդվեն ու զարգանան նաև ներկայում և ապագայում»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կահիրեի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արմեն Մազլումյանը նշեց, որ այսօրինակ այցերը պարբերական բնույթ ունեն, դրանց արդյունքում հայկական մշակույթի, պատմության և Արցախի մասին գրքեր ու գիտական հետազոտություններ են գրվել, ֆիլմեր ու մեծաթիվ լրագրողական նյութեր են պատրաստվել:

«Ի դեպ, Էսամ Քամալը Եգիպտոսի առաջին լրագրողն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու գրել այդ մասին: Իսկ Ահմադ Ֆարրանը առաջիններից է, որ այցելել է Արցախ և նրա մասին գիրք գրել»,-շեշտեց Արմեն Մազլումյանը:

Հանդիպման ավարտին հյուրերն իրենց հետաքրքիրող հարցերն ուղղեցին Մխիթար Հայրապետյանին, երկուստեք հնչեցին առաջարկներ:

Նույն շարքից