Հայաստանում կենսաթոշակային ներդրումային հիմնադրամի կառավարիչ «Ցե-կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» (C-QUADRAT Ampega Asset Management Armenia) ընկերությունն առաջնորդվելու է իր հիմնադիր ընկերությունների լավագույն փորձով՝ նպատակ ունենալով չկորցնել իրենց վստահված միջոցները և ապահովել դրանց կայուն աճ:
«Ցե-կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ավստրիական «Ցե-կվադրատ» ներդրումային ընկերության (C-QUADRAT Investment AG) և գերմանական «Տալանքս ասեթ մենեջմենթ» (Talanx Asset Management GmbH) ընկերության համատեղ ձեռնարկությունն է: Ընկերությունում «Ցե-Կվադրատ»-ի մասնաբաժինը կազմում է 74.9 տոկոս, «Տալանքս ասեթ մենեջմենթ»-ինը՝ 25.1 տոկոս:
Ընկերության բաժնետերերից «Ցե-Կվադրատ»-ը ստեղծվել է 1991-ին Վիեննայում: «Ակտիվների կառավարման մեր ռազմավարությունն այն է, որ բացարձակ և ամբողջականորեն ապահովվի շահույթը»,- ասաց Վիմմերը՝ հավելելով, որ երկու տարի առաջ «Ցե-Կվադրատ»-ը Գերմանիայի ֆոնդերի կառավարման լավագույն ընկերության մրցանակ է ստացել, իսկ 2003-ից՝ բանկային գործունեության լիցենզիա:
«Քանի որ մենք անկախ ընկերություն ենք և որևէ խոշոր բանկի կամ ապահովագրական ընկերության սեփականություն չենք հանդիսանում, ստիպված ենք շուկայում լավագույնս և կատարյալ աշխատել, ինչը դառնում է մեր հաջողության գրավականը» ասաց Վիմմերը: Նրա խոսքով` «Ցե-Կվադրատ»-ը 5 միլիարդ եվրո է կառավարում Եվրոպայի 18 երկրում:
Տնօրենների խորհրդի անդամն ընկերության առանձնահատկությունը համարեց երկար փորձն ու օրենսդրականորեն կարգավորող դաշտի պայմաններին խստիվ հետևելը: «Մեր ամենակարևոր նպատակը փող չկորցնելն է»,- նշեց Վիմմերը:
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության մյուս հիմնադիր` «Տալանքս ասեթ մենեջմենթ»-ի մասին նշվեց, որ այն «Տալանքս խմբի» (Talanx Group) ակտիվների կառավարման պատասխանատու է:
«Այն գերմանական 3-րդ ամենախոշոր ապահովագրական ընկերությունն է: Ընկերության տարեկան եկամուտները կազմում են 73 միլիարդ եվրո: Ապահովագրության մեջ ընկերությունը 105 տարուց ավելի փորձ ունի և աշխատում է աշխարհի 150 երկրում»,- ասաց Անդրեաս Վիմմերը՝ հավելելով, որ «Տալանքս ասեթ մենեջմենթ»-ը 22 հազար աշխատող ունի և կառավարում է 100 միլիարդ եվրոյի ակտիվներ:
«Քանի որ մայր ընկերությունն ապահովագրական ընկերություն է, ակտիվների կառավարման իր ստորաբաժանման համար ակտիվների ապահովությունն ու անվտանգությունն առաջնային տեղ է գրավում: «Տալանքս»-ի ակտիվների 80 տոկոսը ֆիքսված եկամտով ներդրումների մեջ է»,- ընդգծեց Վիմմերը:
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը նշեց, որ իրենք կառաջարկեն 3 պարտադիր կուտակային ֆոնդեր. առաջին՝ կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդ, երկրորդ՝ պահպանողական ֆոնդ, և երրորդ՝ հավասարակշռված ֆոնդ:
«Այդ ֆոնդերի տարբերությունն այն է, թե կուտակվող ակտիվների որ մասն է ուղղվելու բաժնային արժեթղթերին»,- ասաց Վարդանյանը: Կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի 100 տոկոսը ներդրվելու է պարտքային գործիքներում՝ բանկային ավանդներ, պետական արժեթղթեր և այլն: Այդ ֆոնդն ընտրողը խուսափում է ռիսկից:
Բոլոր երեք ֆոնդերի ներդրումները կատարվելու են Հայաստանում՝ հայկական գործիքներում: «Սկզբնական շրջանում մենք Հայաստանում գործ կունենանք մի քանի տեսակի գործիքների հետ, որոնց թվում են պետական պարտատոմսերը, կորպորատիվ որոշ պարտատոմսեր, բանկային ավանդներ և այլն»,- նշեց գլխավոր գործադիր տնօրենը:
Պահպանողական կենսաթոշակային ֆոնդում թույլատրվելու է կուտակված ակտիվների մինչև 25 տոկոսը տեղաբաշխել հայկական և արտասահմանյան բաժնային արժեթղթերում: Հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդում պարտքային և բաժնային գործիքների հարաբերությունը կլինի 50/50: «Այս ֆոնդի նպատակն է հասնել միջոցների առավելագույն աճին»,- ընդգծեց նա՝ նշելով, որ այս ֆոնդի ռիսկայնությունն առավել բարձր է:
Ֆոնդերի ակտիվների 60 տոկոսը կամ ավելին ներդրվելու է հայկական դրամով արտահայտված արժեթղթերում: «Ժամանակ առ ժամանակ պորտֆելներում արժեթղթերի և արտարժույթների տեսակարար կշիռը կփոխվի, որն էլ հենց կառավարիչների գործն է»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ այդ կերպ կապահովվի ֆոնդերի ռիսկերի կառավարումը և հնարավոր բարձր եկամտաբերության ապահովումը: Դրսում միջոցները կներդրվեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների միայն «որակյալ» արժեթղթերում: Ֆոնդերի եկամտաբերությունը բարձր կլինի գնաճի մակարդակից: Ֆոնդերն ու ընկերությունները հնարավոր է տարեկան մեկ անգամ անվճար փոխել: