Քաղաքական 

Այս կառավարությունը թափթփված, անշնորհք ու անկազմակերպ է. Զ. Փոստանջյանը

«Արտահերթ նիստի հրավիրումը պայմանավորված է նրանով, որ ժամանակացույցի իր գործառույթները կառավարությունը չի ավարտել և կան հիմնական օրենքներ, որոնք պետք է սպասարկեն այս կառավարությանը՝ հարկահավաքի և այլ գործերի համար»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Զարուհի Փոստանջյանը։

Փոստանջյանի գնահատմամբ՝ սա կառավարության անփույթ աշխատանքի արդյունքն է։ «Դա խոսում է այն մասին, որ այս կառավարությունը թափթփված, անշնորհք ու անկազմակերպ է, ու չի կարողացել ավարտին հասցնել իր աշխատանքները և փորձում է ԱԺ-ն օգտագործելով իրականացնել իր գործառույթները։ Դրանով է պայմանավորված, որ հիմնը հնչելուց հետո պետք է նորից արտահերթ նիստ հրավիրեն և կիսատ գործերը, թափթփվածությունը փորձեն շտկել»,- ասաց նա։

Փոստանջյանը մի քանի օրենք թվարկեց, որոնք պետք է մինչև տարվա վերջ ընդունվեն, որպեսզի լրացուցիչ հարկեր հավաքեն։ «Օրենքը, որ բերել են խորհրդարան, լրացուցիչ հարկեր պետք է հավաքագրի, օրինակ՝ կենսաչափական տվյալներով անձնագրերի հաստատման համար, որը շուրջ 100 հազար քաղաքացի կարիք ունի ստանալու նոր անձնագիր և այն արժենալու է 28 հազար դրամ»,- ասաց նա և, ի վերջո, ամփոփեց. «Թե՛ ԱԺ-ի աշխատանքն եմ գնահատում անբավարար, թե՛ կառավարության աշխատանքը»։

Նույն շարքից