Գլխավոր Տնտեսություն 

Առանց խնդրին լուծում տալու, Ալավերդու գործարանն արագ բացել կամ փակ պահելը վնաս է բոլորի համար. Վարագ Սիսեռյան

analitik.am

Հոկտեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների:

Analitik.am-ի հետ զրույցում պարոն Սիսեռյանն ասաց, որ հանդիպման ընթացքում պղնձաձուլարանի աշխատակիցները ներկայացրել են իրավիճակը. «Ընդհանուր վիճակը հետևյալն է՝ հիմա Ալավերդիում կասեցվել է պղնձաձուլական գործարանի աշխատանքը, բայց մենք բանակցում ենք «Վալլեքս»-ի ղեկավարության հետ, որպեսզի միասին փորձենք լուծում տալ առաջացած խնդրին: Իրենք ներկայացնում են իրենց խնդիրները, մենք փորձում ենք այդ խնդիրներին լուծում գտնել: Իսկ գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել եմ ընդհանուր վիճակը, ասել եմ, թե հանդիպումը ինչպես է եղել և ինչի մասին ենք խոսել, ասել եմ նաև, որ արդեն որոշ առաջարկներ ունենք: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել որ բոլոր կողմերի համար տանք ընդունելի լուծում»,- ասաց Սիսեռյանը:

Հարցին՝ ե՞րբ Ալավերդիում պղնձաձուլական գործարանի աշխատանքը կվերականգնվի, Սիսեռյանն ասաց՝ որքան շուտ, այնքան լավ. «Պետք է հասկանանք, որ առանց խնդրին լուծում տալու, գործարանն արագ բացել կամ փակ պահելը վնաս է բոլորի համար: Մենք առաջնորդվում ենք սոցիալական բարդությունը հաշվի առնելով, որովհետև այսօր կա 630 աշխատող, ովքեր գործի խնդիր ունեն: Կա մյուս կողմը, որը բարձրաձայնում է բնապահպանական հարցերի մասին»:

Սիսեռյանի խոսքերով, կա նաև կարևոր կողմերից երրորդը՝ «Վալլեքս» ընկերությունը, որն իր խնդիրներն ու հարցերն ունի՝ կապված ՎՏԲ-ի հետ, տեսչության հետ և այլն. «Բոլորի բարձրաձայնած խնդիրները հաշվի առնելով մենք փորձում ենք, որպես միջնորդ հանդես գալ և կարգավորել հարցը: Մեք օպերատիվ աշխատում ենք և անընդհատ նոր զարգացումներ են լինում, պարզապես ժամը մեկ հայտարարություն տարածելն այդքան էլ ճիշտ չէ: Երբ կհասնենք այն փուլին, որ կունենանք հստակ պատկերացում և ուղղություն, այդ ժամանակ էլ հայտարարություն կտարածենք»,- նշեց փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը:

Հիշեցնենք, որ երեկ «Վալլեքս» ընկերությունը հայտարարություն էր տարածել ներկայացնելով Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործունեության կասեցման պատճառների վերաբերյալ։

Analitik.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև «Վալլեքս» ընկերությունից, սակայն մեզ հայտնեցին, որ բանավոր հարցերի չեն պատասխանում։

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից