Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանը ոչ պատշաճ հագուստով էր. Նաիրա Զոհրաբյանը հայտնում է, որ եղել է վերջինիս հետ

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով այն մասին, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց ԸՕ քվեարկությանը, հայտարարեց, որ վերջինս խորհրդարանում է եղել, սակայն՝ ոչ պատշաճ հագուստով, դրա համար էլ չի ներկայացել քվեարկության: Ինչ վերաբերում է խմբակցության պատգամավոր Նապոլիոն Ազիզյանին, ապա նա, Զոհրաբյանի խոսքերով, շատ վատառողջ է եղել, իսկ Վարդան Ղուկասյանը Գյումրիում է եղել։

Զոհրաբյանը հայտարարեց, որ երկուշաբթի բոլոր պատգամավորները ներկա կլինեն։

Պատգամավորի խոսքերով, Ծառուկյանն ԱԺ գնացել է քվեարկելու համար և եթե նրա ձայնը որոշիչ լիներ, նա այդ ոչ պատշաճ հագուստով էլ կմասնակցեր քվեարկությանը. «Ես եղել եմ պարոն Ծառուկյանի հետ, ես եմ հորդորել սպասել։ Եթե մեկ ձայնի խնդիր լիներ, նա կմասնակցեր քվեարկությանը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ծառուկյան դաշինքն ու ԵԼՔ-ը ստորագրահավաք են սկսել երկուշաբթի արտահերթ նիստ հրավիրելու համար, որի օրակարգում կրկին ընդգրկված է լինելու երեկ չընդունված ԸՕ-ն։

Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ երկուշաբթի առաջին ընթերցմամբ այն ընդունվելու է. «Արդեն անհրաժեշտ ստորագրություններն ունենք։ Բացի դաշնակցությունից, բոլոր խմբակցություններից միացողներ կան։ ՀՅԴ-ից ասացին, որ իրենց 3 սկզբունքային առաջարկներն ընդունված չեն, եթե լինի արտահերթ իրենք կողմ կքվեարկեն, սակայն համահեղինակ ստորագրահավաքի նախաձեռնությանը չեն ցանկանում լինել»։

Նույն շարքից