Հասարակություն 

Դպրոցի տնօրեն դառնալու համար պետք է ավելի լուրջ նախապատրաստվել. Արայիկ Հարությունյան

analitik.am

Հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման օրերս տեղի ունեցած քննությունների բանավոր փուլը հավակնորդների գերակշիռ մասը չեն հաղթահարել: Երևանի Վ.Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոց կատարած այցի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այս առնչությամբ նշել է, որ հավաստագրման քննություններում ընթացակարգային և բովանդակային փոփոխություններ  են կատարվել. «Մենք խստացրել ենք քննությունները, փոխել ենք քննությունների անցկացման ձևը, հարցաշարերում որոշակի փոփոխություն ենք կատարել: Նախկինում այդ քննությունները որոշ իմաստով ձևական բնույթ էին կրում, բայց այժմ բոլոր նրանք, ովքեր կհավակնեն դպրոցի տնօրեն դառնալ, պետք է շատ ավելի լուրջ նախապատրաստվեն:  Ինքս նկատել եմ, որ որոշ տնօրեններ, իրենց պարտականություններին չեն տիրապետում և երբեմն կառավարման ոլորտի տարրական գիտելիքներ չունեն: Մենք գտնում ենք, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են դպրոցի տնօրեն աշխատել, պետք է լիովին տիրապետեն իրենց լիազորություններին և պարտականություններին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով դպրոցական դասագրքերի խնդրին՝ նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի և Եվրոպական Միության աջակցությամբ այժմ մշակվում են նոր չափորոշիչներ, որից հետո անդրադարձ կարվի նաև նոր դասագրքերի հրատարակմանը. «Հանրակրթությունը պահպանողական ոլորտ է և այստեղ փոփոխությունների համար ժամանակ է պահանջվում: Նոր ծրագրերի ներդրման և փորձարկման համար ամիսներ և տարիներ են պետք, մենք անելու ենք առավելագույնը, որ այդ գործընթացները հնարավորինս կարճ տևեն»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ որոշ առարկաների ծրագրերում հաջորդ ուսումնական տարվանից փոփոխություններ կլինեն:

ԿԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Գերմանիա և Ֆրանսիա կատարած այցի արդյունքներին՝ նշելով, որ ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ՝ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Նույն շարքից