Հասարակություն 

Սիրիահայերի հիմնախնդիրները՝ ուշադրության կենտրոնում

analitik.am

Հոկտեմբերի 23-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հանդիպեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի առաքելությունը ստանձնած Աննա-Կարին Օստի հետ:

Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարի պատվիրակության՝ վերջերս Սիրիա կատարած աշխատանքային այցին, դրա շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներին, ստացած տպավորություններին, այցի արդյունքերին: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այցը հատկապես ոգևորիչ էր Հալեպի հայ համայնքի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականից ի վեր, երբ սկսվեց սիրիական պատերազմը, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող դեռևս որևէ պաշտոնյա չէր այցելել հայաշատ Հալեպ: «Չեմ կարող չնշել, որ Սիրիայի հայ համայնքը, չնայած առկա բազմաթիվ խոչընդոտներին, լի էր հույսով ու կյանքով: Հալեպում մենք հաճախ լսում էինք ռումբերի պայթյունների ձայները, մեզ համար դա արտակարգ իրավիճակ էր, սակայն Հալեպի բնակիչների համար այդ ամենն իրենց առօրյայի սովորական մասն է դարձել»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

Նա նաև բարձր գնահատեց Դամասկոսում ՀՀ դեսպանության և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքը: «Մեր դիվանագիտական ներկայացուցչությունները միակն էին, որ չդադարեցին գործել նույնիսկ պատերազմի ամենաթեժ օրերին»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Քննարկվեցին Հայաստանում հաստատված սիրիահայերի ինտեգրմանը վերաբերող հարցեր, վերջիններիս մոտ դեռևս առկա հիմնախնդիրները, երկուստեք կարևորվեցին սփյուռքի նախարարության և ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության սերտացումն ու զարգացումը:

Նույն շարքից