Քաղաքականություն 

Իրանը չի դադարեցնի իր միջուկային ծրագիրը

analitik.am

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամադ Ռաիսին  անդրադառնալով  Իրանի և «Վեցնյակի»` Ժնևում կայացած համաժողովին` նշեց, որ ցանկություն չունի դրան անդրադառանալ, փոխարենը, սակայն, դեսպանը խոսեց Իրանի վարած քաղաքականության մասին: Նրա խոսքով` 2013 թվականի հունիսից հետո, երբ Իրանում տեղի ունեցան նախագահական ընտրությունները, Իրանի նորընտիր նախագահը որդեգրեց այլ քաղաքականություն: «Այս ընթացքում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել Իրանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության ասպարեզում»,-  նշեց դեսպանը, հավելելով, որ նախկին ու գործող Իրանի նախագահների վարած քաղաքականությունը բավականին տարբերվում են միմյանցից: «Նոր նախագահն ունի տարբերվող դիրքորոշում»,-ասաց նա:

Դեսպանի հավաստմամբ` մինչ Հասան Ռոհաննիի նախագահ ընտրվելը, Իրանի հարաբերությունները որոշակի լարված էին մի շարք արևմտյան երկրների հետ: «Նախագահը ոդրեգրել է մի քաղաքականություն, ըստ որի` պատրաստվում է այդ լարվածությունը նվազեցնել ու համեմատաբար ավելի թափանցիկ աշխատել»,- նշեց դեսպանն` ընդգծելով, որ դա նպատակ է հետապնդում վերացնել այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Իրանի ժողովրդի նկատմամբ: «Իրանի նպատակն է զարգացնել խաղաղ միջուկային էներգիայի ծրագիրը, որն այժմ իրականացվելու է Մագատեի խիստ վերահսկողության ներքո, կարծում եմ, որ  բոլորի համար պարզ  կդառնա, որ այդ միջուկային ծրագրի զարգացումը միայն խաղաղ նպատակ է հետապնդում»,- վստահեցրեց դեսպանը շարունակելով, որ այդ ծրագիրը զարգանում է Իրանի մասնագետների ջանքերով և այն դադարեցնելու որևէ հիմքեր չկան:

Դեսպանի խոքսով` Իրանը ընդհանրապես դեմ է միջուկային զենքի արտադրությանը և այն առաջին երկրներից մեկն էր, որ հայտարարեց այդ մասին: «Քիմիական զենքի զոհերից մեկը, կարծում եմ, Իրանն է, որ Իրաքը պարտադրեց սկսել պատերազմ: Նույն Իրանի դեմ Իրաքը կիրառեց քիմիական զենք»,- նշեց դեսպանն ու հավելեց, որ Իրանի առաջնորդը հստակ հայտարարել է, որ միջուկային զենքի արտադրությունը բացարձակապես անիմաստ է, և Իրանը դեմ է դրա տարածմանը: «Այս բոլորի հիման վրա էր, որ «Վեցնյակի» գագաթաժողովը տեղի ունեցավ, որի ժամանակ բանակցությունների արդյունքում դրա դեմ համատեղ քայլեր մշակվեցին: Համաժողովի ընթացքում որոշվեց առաջացնել վստահություն Իրանի նկատմամբ, ճանաչել Իրանի խաղաղ իշխանությունների իրավունքի զարգացումը»,- շեշտեց դեսպանը:

Մ. Ռաիսին ընդգծեց նաև, որ ըստ միջուկային զենքի չտարածման գաղափարախոսութան, Իրանի ժողովուրդը չի վստահում Արևմտյան գերտերություններին, քանի որ բոլոր տեղերում նկատում է այդ երկրների երկակի ստանդարտները: «Մի երկիր, որն ունի հազարամյակների պատմություն` Արևմուտքը հայտարարում է, թե մենք դեմ ենք խաղաղությանը, որի պատճառով և Իրանի միջուկային ծրագիրը կասկածի տակ են առնում»,- հավելեց նա: 

Անդրադառնալով Իրանի դեմ կիրառվող պաժամիջոցներին` դեսպանն ընդգծեց, որ դրանք  բացասաբար են անդրադառնում հատկապես Իրանի ժողովրդի վրա: «Պատերազմի ժամանակ բացահայտվեց, որ Իրանի ժողովուրդը վտանգի դեպքում կարողանում է  միասնական հանդես գալ. միանում և պաշտպանում է հայրենիքը:  Իրանի նկատմամբ պատժամիջոցները նույնպես Արևմուտքի երկակի ստանդարտների հետևանք են: Այդ պատժամիջոցները բացասական են նրանով, որ դրանք ապօրինի են ու խիստ»,- նշեց նա: Դեսպանի համոզմամբ`այս ընթացքում նվազել է  նաև իրանցի զբոսաշրջիկների այցը Հայաստան, որն, ըստ նրա, նույնպես խիստ պատժամիջոցների հետևանքով է: «Պատժամիջոցներ են կիրառում, որ ամբողջ պատասխանատվությունը գցեն  հասարակության վրա: Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի իրանական Նովրուզի ժամանակ Հայաստան են ժամանել թվով ավելի քիչ իրանցիներ: Մինչդեռ մի քանի տարի առաջ, երբ պատժամիջոցները խիստ չէին, ավելի քան 100 հազար զբոսաշրջիկ էր գալիս Հայաստան, ինչը մեծ վնասներ հասցրեց Հայաստանի տնտեսությանը»,- ընդգծեց դեսպանը:

Դեսպանը նկատեց նաև, որ արդեն երկար ժամանակ է, ինչ հայաստանյան բանկերը չեն համագործակցում իրանական բանկերի հետ, և դա այն դեպքում, երբ Իրանը պատրաստվում է մի շարք նախագծեր իրականացնել Հայաստանում: «Դրանք իրականացնելու համար անհրաժեշտ են հսկայական գումարներ, որոնք պետք է փոխանցվեն իրանական բանկերի միջոցով: Մեղրիում էլեկտրահաղորդիչներ կառուցելու համար անհրաշետ են 300-500մլն դոլար, և եթե հայաստանյան բանկերը չհամագործակցեն իրանական բանկերի հետ, Իրանը չի կարող իր նախագծերն իրականացնել այստեղ»,- հայտարարեց դեսպանը հույս հայտնելով, որ բանկային խնդիրներն ու խոչընդոտները շուտով կվերանան:  

Նրա խոսքով` Իրանի նորընտիր նախագահի որդեգրած դիրքորոշմամբ` հնարավոր կլինի կամաց-կամաց թուլացնել Արևմուտքի դիրքորոշումը: «Իրանը լիովին պատրաստ է, որպեսզի այդ վստահությունը ստեղծվի»,- ասաց դեսպանը:

 

Նույն շարքից