Քաղաքականություն 

Բարձր եմ գնահատում բոլոր նախաձեռնությունները, որ եղել են Ճապոնիայի կողմից. ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

analitik.am

Հոկտեմբերի 23-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Հանդիպման նպատակն էր քննարկել իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև ԱԻ նախարարության և Ճապոնիայի կառավարության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Ուրախ եմ հանդիպման համար: Նախապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ ցուցաբերվող աջակցության համար: Բարձր եմ գնահատում բոլոր նախաձեռնությունները, որ եղել են Ճապոնիայի կողմից: Վստահ եմ, որ ձևավորված համագործակցությունը շարունակական է լինելու»:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության ուղղությունները՝ մասնավորապես ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում «Հրշեջ գույքի բարելավման ծրագրի», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աղետների արձագանքման հնարավորությունների զարգացման, «Ճգնաժամային հաղորդակցության և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ազգային ցանց» և այլ ընթացիկ ծրագրերի մանրամասները:

- Ճապոնիայի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, քանի որ աղետներին դիմակայելու հարցում Ճապոնիայի կառավարությունը մեծ և պրակտիկ փորձ ունի: Շատ եմ կարևորում նաև ճապոնական փորձի փոխանակումը կարկտահարության դեմ պայքարում, - նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Հանդիպման ընթացքում նախարարը նաև նշեց, որ ցանկալի կլինի՝ տրվող աջակցության առաջնայնությունը բխի երկրի կարիքներից և նախապես համաձայնեցվի ԱԻՆ մասնագետների հետ: Այս համատեքստում քննարկվեցին նաև տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակում նորակառույց բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման աշխատաքների կազմակերպման համար 50 և ավել մետր բարձրություն ունեցող ավտոսանդուղքների, ինչպես նաև ուղղաթիռների տրամադրման հնարավորությունները:

- Շնորհակալություն բովանդակալից ներկայացման համար: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ հաճախ ենք քննարկում Հայաստանին տրամադրվող աջակցության հնարավորությունները: Այս հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկությունները՝ մասնավորապես կարկտահարության դեմ պայքարի, անտառային հրդեհների հրդեհաշիջման կարողությունների զարգացման և տեխնիկայի ձեռք բերման վերաբերյալ կփոխանցեմ Ճապոնիայի կառավարությանը:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին այցի համար և հույս հայտնեց, որ այսուհետ համագործակցությունն առավել ակտիվ կլինի:

Նույն շարքից