Ես չեմ միջամտում դատական իշխանության գործերին, ոչ թե նրա համար, որ չեմ կարող, այլ նրա համար, որ պարտավորվել եմ հանրության առաջ: Դատարանները գործում են անկախ: Խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ այսօր ՀՀ-ում ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության, կալանքի կիրառման պրակտիկայի առումով աննախադեպ ցածր մակարդակ կա. «Այն պրակտիկան, որ ՔԿՀ-ներում հերթով են քնում, 6 հոգով են քնում մեկ մահճակալի վրա, պատահական չի արվել: Դա հատուկ է արվել: Ես՝ որպես ՔԿՀ-ներում բավարար ժամանակ անցկացրած մարդ, ասեմ, որ հատուկ է արվել։ Որ ասում են քրեական էլիտան Հայաստանում իշխանություն է ունեցել, դրա հետ է կապված։ Բա քնելու տեղ չունենալը փող է, ով ավելի շատ կմուծվի, որ քնելու տեղ ունենա: Քնելու տեղ ունենալը «լավ տղու բազար է» ով է իրեն «ճիշտ պահում» ընտրություններից առաջ, դրանց ժամանակ, դրանցից հետո և ընդհանրապես ճշտի իշխանությանն ով է բավարար չափով ծառայում: ՔԿՀ-ները Հայաստանում եղել են ամենախոշոր բիզնեսը, կամ դրանցից մեկը: Մարդը ՔԿՀ մտավ, դրվում է կոնշվեերի վրա և ամբողջ համակարգն աշխատում է նրանից հնարավորինս շատ փող քամելու ուղղությամբ՝ ղումարի և այլնի տեսքով: Սա կա նաև հիմա, սակայն արմատախիլ կանենք: Մարդիկ տներ են ծախում ՔԿՀ-ներում իրենց պարտքերը փակելու համար: Այդ մաֆյոզ կառույցի մի մասը ՔԿՀ-ներում այսօր էլ պաշտոններ է զբաղեցնում: Բոլորին չենք հանել, որպեսզի թացը չորին չխառնենք: Բացի դրանից, եթե նրանց հանենք, ում ենք բերելու նրանց տեղը 70 հազար դրամով»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է ԵԼՔ-ի կողմից, որպեսզի նա չընտրվի, եթե երկրորդ փուլում էլ նա չընտրվի, խորհրդարանը կարձակվի և տեղի կունենան նոր խորհրդարանական ընտրություններ։