Իրավական Հասարակություն 

Հուղարկավորության ժամանակ քաղաքացու պարանոցին դանակով հարվածելու համար ձերբակալվել է համագյուղացին

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են  45-ամյա տղամարդու դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14.05-ին, ոստիկանության Մարտունու բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գեղարքունիքի  գյուղերից մեկի գերեզմանատանը, իր ներկայությամբ, նույն գյուղի բնակիչ 1975 թ. ծնված տղամարդը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 1973թ. ծնված համագյուղացու պարանոցի հատվածին, և դիմել փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից