Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը բացառում է ԼՂ հարցի թաքուն լուծումը

analitik.am

Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որը ԼՂ հարցը կլուծի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, որը վճռական գործոնն է: Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքերով, ԼՂ հարցի թաքուն լուծում, թաքուն տարբերակ չի կարող լինել. «Ես բազմիցս հայտարարել եմ՝ եթե բանակցային գործընթացում ձևավորվի այնպիսի տարբերակ, որն իմ կարծիքով կլինի արժանի տարբերակ ժողովրդի կարծիքը հարցնելու համար, առաջինը դա է լինելու: Եթե այդ տարբերակը ճնշող մեծամասնության համար ընդունելի կլինի, այդ մասին կմտածենք։ Էլ չեմ ասում ամենավճռական գործոնը՝ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները։ Քանի դեռ Արցախի իշխանությունը ներգրավված չէ բանակցային գործընթացում, մենք մոտ չենք հարցի կարգավորմանը: Այդ կապակցությամբ իմ խոսքերը նենգափոխել են, իբր ես ասել եմ՝ մինչև Ղարաբաղի իշխանությունները չլինի բանակցային սեղանի շուրջ, բանակցություններին չեմ մասնակցի։ Ես այդպիսի բան չեմ ասել։ Ես ասել եմ, որ լիազորված եմ բանակցելու ՀՀ-ի անունից, բայց ոչ Արցախի, որովհետև Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը, ունի իր իշխանությունները: Բայց դա չի նշանակում, որ չպետք է ընդհանրապես բանակցենք»:

Փաշինյանի խոսքերով, աբսուրդ է, որ ԼՂ հարցը կարող է լուծվել թաքուն։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով, հարցը չի կարող լուծվել, եթե տարբերակը չի ընդունվում Արցախի կամ Հայաստանի ժողովրդի կողմից. «Հայկական կողմի տեսակետը միշտ այն է եղել, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցը չի կարգավորվի: Ես էլ չեմ պատկերացնում նման կերպ հարցի կարգավորումը»։

 

Նույն շարքից