Քաղաքականություն 

Շուտով լույս կտեսնի իմ բանտային օրագիրը. Փաշինյանը բացահայտումներ է խոստանում

analitik.am

Եթե որևէ մեկը որևէ մեկի գլխին սարքում է, այդ մարդուն պետք է արմատախիլ անել պետական կառավարման համակարգից: Խորհրդարանում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հայտարարությանը, թե ինքը բողոքներ է ստանում քաղաքացիներից, որ տարբեր կառույցներն իրենց գլխին սարքում են։

Փաշինյանի խոսքերով, և կոռուպցիայի, և նմանատիպ երևույթների դեմ պայքարելը շատ բարդ է, եթե չկա իրական համագործակցություն քաղաքացիների և իրավապահների միջև. «Այդ կոռուպցիոն համակարգերը շատ հաճախ գործում են «մենք գործ տվող չենք» կարգախոսի հիման վրա: ՔԿՀ-ներում էլ է այդ համակարգը գործում, թե գործ տվող չեն, ասող, գրող չեն։ Շուտով իմ բանտային օրագիրը հուսով եմ լույս կտեսնի և մեր հանրությունը կտեսնի, թե գործ չտվողներն անհրաժեշտության դեպքում ինչպես են գրում: Դա մի քանի շերտ ունեցող խնդիր է։ Կոչ եմ անում քաղաքացիներին այս տրամաբանությունից դուրս գալ։ Իրավիճակներ են լինում, երբ մեկը տեսնում է, թե ինչպես են դիմացի տունը թալանում, ոստիկանություն չի զանգում, որովհետև ինքը գործ տվող չէ։ Արժեքների փոփոխություն պետք է լինի։ Պետք է հասկանալ՝ օրինականություն ուզում ենք, թե՝ ոչ»։

Հիշեցնենք, որ Փաշինյանի թեկնածության առաջադրումը ֆորմալ բնույթ  է կրում: Պայմանավորվածություն կա, որի համաձայն, նրան չեն ընտրելու, խորհրդարանն արձակվելու է և տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Նույն շարքից