Հասարակություն 

Հո չե՞նք թունավորելու մարդկանց. Նիկոլ Փաշինյանը՝ Ալավերդու պղնձաձուլարանի խնդրի մասին

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև երկրի դինամիկ զարգացման մասով տարբեր տնտեսագետների բարձրաձայնած մտահոգություներին՝ նշելով, որ վերջին տարիների համեմատ՝ հունիսին աննախադեպ տնտեսական ակտիվության ցուցանիշ կա՝ 11 տոկոս. «Պարզվեց, որ եղել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն և մենք գնացել ենք բուքմեյքերական գրասենյակներում ստավկաներ ենք դրել և արձանագրել ենք 11 տոկոս տնտեսական աճ»:

Փաշինյանը խոսեց նաև Ալավերդու պղնձաձուլական գործարանում բնապահպանական տեսչության ստուգումների մասին՝ հայտնելով, որ արտանետումները 20 անգամ գերազանցում են. «Ժողովորդ ջան եկեք աշխատենք, որովհետև աշխատատեղը կարևոր է: Մենք ուզում ենք, որ աշխատի այդ գործարանը, բայց մարդկանց վիճակագրություն կա, քաղցկեղ և այլն, հո չե՞նք թունավորելու մարդկանց»:

Վարչապետի պաշտոնակատարը շրջանցեց Ամուլսարի խնդիրը ևս՝ հայտարարելով, թե փաստ է պետք այն մասին, որ օրինակ Սևանի համար վտանգ չկա. «Ասում են վտանգ չկա, հավատացեք մեր խոսքին և փաստաթղթերին: Իմիջիայլոց, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված՝ բնապահպանական շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի համատեքստում փաստեր թաքցնելու վերաբերյալ: Հիշո՞ւմ եք Թեղուտում ինչ էր տեղի ունենում, որ մարդիկ ասում էին մի արեք և հիմա այնտեղ ի՞նչ է կատարվում՝ Թեղուտը կանգնած է և պարզ չի, թե ինչ կլինի: Այդքան անտառները ոչնչացրեցինք, հանքը բացեցինք, սկսեցինք աշխատել, և հիմա պրոբլեմ կա, որը չգիտենք ինչպես ենք լուծելու: Մեր տնտեսական աճի ցուցանիշների մասին նախկինում եղած բոլոր պնդումները եղել են ֆեյք, որովհետև մեր տնտեսությունը եղել է ընդերքը քանդելն ու վաճառելը, ասելով արտահանում ունենք: Մենք ուզում ենք, որ կայուն տնտեսական աճի հիմքի վրա դնենք մեր երկիրը և ագրարային երկրից վերածենք բարձր տեխնոլոգիական երկրի, որտեղ աշխատանքը խրախուսվում է»:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում: Նա երկու փուլով պետք է չընտրվի վարչապետ, որպեսզի խորհրդարանն արձակվի, ինչից հետո կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նույն շարքից