Հասարակություն 

Վեոլիա ջրում նախատեսում են խնայել մոտ 6 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

analitik.am

Վեոլիա Ջուր ՓԲԸ համակարգն ունի մեկ կարեւոր առանձնահատկություն. այն շատ էներգատար է։ Ռելյեֆը Հայաստանում լեռնային է, կտրտված, հենց միայն Երեւանում տարբերությունը քաղաքի բարձրադիր ու ցածրադիր հատվածների միջեւ մոտ 350 մետր է: Դրանով պայմանավորված, ջրամատակարարումն ընկերության սպասարկման տարածքի շատ բնակավայրերում ու տարածքներում իրականացվում է պոմպակայանների միջոցով: Դրանցից հզորները ջուրն աղբյուրներից մղում են բնակավայրեր, իսկ ավելի փոքրերը նախատեսված են քաղաքների առանձին թաղամասեր կամ շենքեր սպասարկելու համար։

Մինչդեռ էլեկտրաէներգիան մեզանում բավական թանկ է եւ Վեոլիա Ջրի շահագործման ծախսերի մեջ մեծ տեղ է զբաղեցնում: Բացի այդ, մեխանիկական եղանակով ջրամատակարարումը նվազ հուսալի է, քան ինքնահոս եղանակովը: Դրա համար էլ Վեոլիա Ջուրն ամենուր անցնում է ինքնահոս ջրամատակարարման, իսկ որտեղ դա հնարավոր չէ, պոմպակայանների վերակառուցման եւ նորարարական տեխնոլոգիաների կիրառման միջոցով նվազեցնում է էլեկտրաէներգիայի ծախսը:

Ընկերության Կենտրոնական կարգավարական ծառայությունը, ուր մենք այցելեցինք էներգասպառմանը ծանոթանալու համար, գտնվում է Աշտարակ քաղաքում։ Այն իր ուրույն դերն ունի համակարգի բոլոր ինժեներական կառույցների, այդ թվում պոմպակայանների աշխատանքի վերահսկման գործում: Այստեղից, ըստ անհրաժեշտության, դրանք միացվում են կամ անջատվում՝ տնտեսելով էներգիա։ Նաեւ տագնապ է հնչեցվում պոմպերի աշխատանքի խափանման ժամանակ:

Մենք ունենք մոտ 50 մեծ եւ 500 փոքր պոմպակայաններ, որոնք տարեկան սպառում են 61 միլիոն կիլովատժամ էեկտրաէներգիա, -ասում է Վեոլիա Ջուր ՓԲԸ Տեխնիկական տնօրինության Ռազմավարության եւ մշտադիտարկման վարչության պետ Վահրամ Մաճկալյանը:

-Դրա համար էլ գործունեության առաջին իսկ օրերից նորարարական տեխնոլոգիաների կիրառման միջոցով աշխատում ենք տնտեսել էլեկտրաէներգիան: Ներկայումս ընթանում են աշխատանքներ հետեւյալ 3 ուղղություններով. ջրատար համակարգի օպտիմալ կառավարում, նոր պոմպերի տեղադրում եւ էներգավերահսկողություն:

Աշտարակից ոչ հեռու գտնվող «Ագարակ» պոմպակայանը, ուր մեզ խորհուրդ տվեցին այցելել, ըստ մասնագետների՝ ջրատար համակարգի օպտիմալ կառավարման ցայտուն օրինակ է: Այն նախկինում շատ ծախսատար էր, որովհետեւ ողջ կարողությամբ հարակից մայրուղային «Ղազարավանի» ջրատարից ջուր էր մղում դեպի Էջմիածին ու մի շարք այլ բնակավայրեր: Բայց ահա գտնվեց ինժեներական լուծում՝ «Ղազարավանի» աշխատանքը կարգավորելու համար, եւ հնարավոր դարձավ պոմպակայանի հզորությունը կտրուկ նվազեցնել։ Այս մեկ նորարարությունը տվեց տարեկան 950 հազար կՎտժ էներգիայի տնտեսում։

Մեծ ակնկալիքներ ունեն Վեոլիա ջրում նաեւ հնամաշ, խիստ ծախսատար եւ որպես կանոն դեռեւս խորհրդային արտադրության պոմպերի փոխարինման ծրագրից, որի արժեքը 500 մլն դրամ է։ Նախատեսվում է 9 պոմպակայանում տեղադրել 57 ժամանակակից պոմպ, որը կտա տարեկան 4,8 մլն կՎտժ-ի տնտեսում: Դրանցից մեկը մեր այցելության պահին արդեն հաջողությամբ գործում էր Արագածոտնի մարզում տեղակայված «Կոշ» պոմպակայանում:

Ըստ Վահրամ Մաճկալյանի՝ էներգավերահսկողությունը համակարգում նույնպես նորովի է իրականացվում: Մասնագետներին օգնության են եկել լոգերներով հագեցված հաշվիչները, որոնք ոչ միայն մշտապես գրանցում են էներգիայի ծախսը, այլեւ անմիջապես ահազանգում են պոմպերի վթարի կամ անսարքության պատճառով առաջացած էներգիայի գերածախսի դեպքում:

Այս ամենի շնորհիվ 2018թ.-ին Վեոլիա ջրում նախատեսում են խնայել մոտ 6 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։

Ընդ որում, շատ դեպքերում աշխատանքներն իրականացվում են ջրամատակարարման համակարգի ընդհանուր բարելավման ծրագրի շրջանակներում, ինչպես օրինակ դա կատարվեց Բերդավանում: Այստեղ մի կողմից ունեցանք 86 տոկոս էներգիայի տնտեսում, մյուսից՝ 12 ժամյա ջրամատակարարումը դարձավ շուրջօրյա: Իսկ 23 տեղային պոմպակայան ընդհանրապես դադարել է գործել այս ընթացքում՝ համակարգի վերակառուցմամբ պայմանավորված, ինքնահոս ջրամատակարարման անցնելու շնորհիվ: Հետեւաբար, շահում է նաեւ սպառողը, ստանալով ինքնահոս, նվազ ծախսատար եւ ավելի հուսալի ջրամատակարարում:

Նույն շարքից