ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջոն Բոլթոնը Հայաստան է այցելելու վաղը, հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի պաշտոնակատարների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ քննարկվելու են երկկողմ օրակարգի հարցեր: Իսկ արդեն վաղը՝ հանդիպումների ավարտին, տեղեկատվության տրամադրմամբ առավել մանրամասն կներկայացվի, թե ինչ հարցեր են քննարկվել:
Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը, եթե Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, Նաղդալյանը նշել է, որ նման հարց օրակարգում չկա: ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերում հստակորեն նշված է, որ անդամ կարող են դառնալ այն պետությունը, որը որևէ գործողություն չի արել՝ ի վնաս կառույցի կամ անդամ-պետություններից որևէ մեկի: Եթե տվյալ հարցը դրվի օրակարգ, Հայաստանն իր անդամակցությունից բխող ողջ գործիքակազմով կձեռնարկի համապատասխան քայլեր: