Քաղաքականություն 

Դավութօղլուի այցը Հայաստան տարածաշրջանում Թուրքիայի մասին հիշեցնելու համար է

analitik.am

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ դեկտեմբերի 12-ին Հայաստան սպասվելիք այցի մասին թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն այսօր կայացած ասուլիսին ասաց, որ այն տեղի է ունենում բավական դրամատիկ իրադարձությունների ֆոնին:

 «Թիվ մեկ խնդիրը Հայոց ցեղասպանության մոտեցող տարելիցին հայ-թուրքական հարաբերություններում իբրև առաջընթաց նկատվող իմիտացիան է»,-ասաց թուրքագետը շարունակելով, թե այցի հաջորդ նպատակը տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներն են, որոնք Թուրքիային խիստ անհանգստացնում են:

 «Հայաստանի վարած արտաքին քաղաքական կուրսը Թուրքիայի անհանգստությունն է առաջացրել հենց այն պատճառով, որ իրենք վախենում են կորցնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում: Նրանք չեն հաշտվում այդ մտքի հետ, և Դավութօղլուի այցը նպատակ ունի տարածաշրջանում հիշեցնել Թուրքիայի մասին»,-նկատեց թուրքագետը:

 

«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն Հայկազուն Ալվրցյանի հավաստմամբ, որևէ արտառոց բան չկա այս այցի մեջ, քանի որ այն Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովի շրջանակներում է:

 

«Բայց հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները, անշուշտ, Թուրքիան ուզում է ինչ-որ կեցվածք ցույց տալ, իր ներկայության մասին հաղորդագրություն տարածել: Սակայն, իմ համոզմամբ, սա Թուրքիայի որոշ նահանջի մասին է խոսում: Վերջին ճիգն էր արվում ինչ-որ նախապայման թելադրելու»,-ասաց Հ. Ալվրցյանը՝ շարունակելով, թե սա, ցավոք, ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականության կամ դիվանագիտության նվաճումն է, այլ Ռուսաստանի ներկայության մասին Պուտինի կտրուկ հայտարարության արդյունքը:

 

Անդրանիկ Իսպիրյանը նաև կարծում է, որ Դավութօղլուն փորձում է միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել: Ըստ նրա, մեր արտաքին գերատեսչությունը պետք է նրան համապատասխան պատասխան տա, որպեսզի վերջ դրվի Դավութօղլուի՝ մշտապես ներկայացրած շոուներին:

 

Նույն շարքից