Քաղաքական 

ժողովուրդը չի մտել ՄՄ, ընդամենը մի անձ՝ իր նպատակներից ելնելով. Սասուն Միքայելյան

Հայաստանը պետք է համագործակցի տնտեսական բոլոր միությունների հետ, բայց դա պետք է լինի հավասարը հավասարի սկզբունքով, ոչ թե Հայաստան գնա և վասալ դառնա, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նույն խորհրդի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:

Նա ընդգծեց, որ եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, ապա միությունից դուրս գտնվող ցանկացած երկրից ներկրված ապրանք շատ բարձր գնով կմաքսազերծվի:

«Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կձգտի անել այնպես, որ իր ապրանքատեսակները մտնեն Հայաստան, և տնտեսական առումով մենք անկախ չենք լինի»,– ասաց նա:

«Պետք է բոլորս հասկանանք, որ այս պարագայում մենք չենք կարող անկախ տնտեսական գործունեություն ծավալել առանց Ռուսաստանի, այսինքն՝ առանց իրենց թույլտվության»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ ՄՄ-ի անդամակցության խնդրի հետ առաջանում է ևս մեկ, սակայն, ամենավտանգավոր խնդիր՝ Հայաստանի սպառազինման հարցը:

«Կարծեմ մենք պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ, որ առանց Ռուսաստանի թույլտվության, մենք իրավունք չունենք որևէ պետությունից զենք գնել: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս դեպքում Ադրբեջանը ինչպես կհզորանա»,- ասաց նա:

Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ ժողովուրդը չի մտել ՄՄ, ընդամենը մի անձ, իր նպատակներից ելնելով, տանում է երկիրը այդ ուղղությամբ, իսկ մարդիկ չեն էլ հասկանում ՝ուր են գնում:

«Սերժ Սարգսյանը գնաց, նստեց ու որոշեց: Մենք ազատ անկախ երկիր ենք ու մեր ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնվի»,-ասաց նա:

 

Նույն շարքից