Բարի օր Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Կառավարությունը մերժեց Վահրամ Բաղդասարյանի ու Էդուարդ Շարմազանովի հայտնի նախագիծը

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կառավարությունը մերժեց ՀՀԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է լրացում կատարել նոր մասով՝ արգելել երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը և քարոզչություն իրականացնելը:

Նախարարությունը կարծում է, որ ներկայացված առաջարկը կրկնում է արդեն գոյություն ունեցող արգելքը, կրկնության կարիք չկա։

Փոխնախարարի խոսքերով, նախագծում կիրառվում են ձևակերպումներ, որոնք այնքան էլ հասկանալի չեն և հետագայում օրենքը կիրառելու ժամանակ հնարավոր է բարդություններ առաջանան: Խոսքը մասնավորապես վերաբերում է ոչ ավանդական սեռական հարաբերություններ, ավանդական սեռական հարաբերություններ հասկացություններին, որոնք օրենսդրության մեջ վիճահարույց կլինեն՝ հանգեցնելով ոչ միանշանակ կիրառման:

Մանուկյանի խոսքերով, օրենքի նախագիծը չի ներկայացվել նաև ՄԻՊ-ին ու չկա այդ կառույցի եզրակացությունը:

Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը ցանկացավ իմանալ՝ արդյո՞ք այդ օրենքը կիրառելի է, եթե հաշվի առնենք այն, որ համացանցում ամեն ինչ հասանելի է:

Փոխնախարարի խոսքերով, խնդիրն իրականում կա, քանի որ համացանցն անվերահսկելի տարածք է:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով, այսօր կարելի է մտնել համացանց և օրինակ սովորել, թե ինչպես կարելի է բանկ թալանել, և ոչ ոք չգիտի, թե ինչպես պետք է վերահսկողություն իրականացնել: Բացի դրանից, Փաշինյանը կարծում է, որ սեռական փոքրամասնությունների դեմ պայքարը X պահի դառնում է սեռական փոքրամասնությունների քարոզչություն, քանի որ մարդիկ սկսում են հետաքրքրվել, թե ինչի դեմ են այդքան պայքարում: Վարչապետի պաշտոնակատարը կարծիք հայտնեց՝ քարոզչություն չանելու համար նման հարցերը պետք է քննարկվեն գաղտնի ռեժիմով:

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ

Նույն շարքից