Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանի մտահոգությունը «հիշեցնում է կոկորդիլոսի արցունքներ». Արմեն Աշոտյան

analitik.am

Հանրապետականի ապագայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը «հիշեցնում է կոկորդիլոսի արցունքներ»։ Այդ մասին նշել է Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն՝ արձագանքելով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետականի վերաբերյալ արած երեկվա հայտարարություններին։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

«ՀՀԿ-ին արմատախիլ անելու կոչեր անող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը ՀՀԿ ապագայով, իհարկե, հիշեցնում է կոկորդիլոսի արցունքներ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության ապագան կախված է բացառապես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներից և հասարակությունից, ով պետք է պատրաստակամություն ունենա թարմացած, բարեփոխված ՀՀԿ-ին տալու իր ձայնը՝ ելնելով այն հանգամանքից, որ Հանրապետականն է ներքաղաքական դաշտում բացառիկ ընդդիմադիր ուժը, որն ունի նաև հստակ ազգային գաղափարախոսական հիմք», - ասել է Աշոտյանը։

Հիշեցնենք՝ երեկ Փաշինյանը կոչ էր արել Հանրապետականին վերջ տալ դավադիր կեցվածքին՝ ընդգծելով, որ վերադարձ անցյալին չի լինելու:

Փաշինյանը՝ նաև անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալմանն, ասել էր, որ օրենսգրքի փոփոխությունը բխում է հենց Հանրապետականի շահերից, քանի որ հին օրենսգրքով այդ կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու շանս չունի: «Մեկը չկա ձեզ ձեր շահը բացատրի», - ասել էր Փաշինյանը:

Աշոտյանն այսօր ասել է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ մանիպուլյացիաներն ուղղակի անթույլատրելի են։

 

Նույն շարքից