Իրավական Հասարակություն 

Կառավարությունը մերժեց կրոնական կազմակերպություններին պատկանող տարածքներում հավաքներն արգելելու առաջարկը

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կառավարությունը մերժեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանի՝ հավաքների ազատության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծի զեկուցող Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի խոսքերով, նախագծով առաջարկվում է հավաքներն արգելել կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության հիմքով պատկանող տարածքներում՝ առանց այդ կազմակերպությունների թույլատվության:

Նախարարի պաշտոնակատարի խոսքերով, սակայն հասարակական կարգի պահպանության նպատակով արգելքների սահմանումը կարող է արդարացված համարվել միայն այն դեպքում, երբ առկա են ապացույցներ այն մասին, որ հավաքի մասնակիցները կարող են իրականացնել անօրինական գործողություններ կամ դրդել դրանց, և կա այդ գործողությունների տեղի ունենալու հավանականություն:

Ինչ վերաբերում է կրոնական անհանդուրժողականության վերացման նպատակով հավաքի անցկացման արգելքին, ապա հավաքների ազատության մասին օրենքի 15-րդ հոդվածով այն նախատեսված է որպես հավաքն արգելող ինքնուրույն հիմք:

Բացի դրանից, Զեյնալյանը նշեց, որ ՀՀ գրեթե բոլոր եկեղեցիները ներառված են պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձաների ցանկում, որոնց տարածքում կամ անմիջական հարևանությամբ անցկացվելիք հավաքի մասով կարծիք կարող է ներկայացվել Մշակույթի նախարարության կողմից:

Նույն շարքից