Հասարակություն 

Կառավարությունը մերժեց Կաթողիկոսի մասին օրենքի նախագիծը

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կառավարության նիստի ընթացքում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց օրենքի նախագիծ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին։

Նախարարի պաշտոնակատարի խոսքերով, նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված կարգող երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը ճիշտ այնպես ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագաի անվտանգությունը։ Նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ։

Զեյնալյանը հայտարարեց՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ նկատի ունենալով, որ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի 5-րդ հովածի 1 մասի համաձայն պետական ապահովության օբյեկտների շարքին են դասվում նաև սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այն անձինք, որոնց սույն օրենքի համաձայն տրամադրվել է պետական պահպանություն ինչպես նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները և այլ անձինք ՀՀ տարածքում գտնվելու ժամանակ։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ ընդհանուր առմամբ, նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա․ «Կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել և պետք չի տպավորություն ստեղծել, որ ՀՀ–ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան է սպառնում։ Եթե կա այդպիսի ընկալում, ուրեմն դա սխալ ընկալում է և իրավիճակները պետք չի մեկնաբանել բոլորովին այլ կերպ, քան դրանք գոյություն ունեն և կարող են գոյություն ունենալ։ Համենայն դեպս, եթե անհրաժեշտություն լինի բնականաբար այդ հարցը ես ինքս պատրաստ եմ քննարկել և ըստ անհրաժեշտության որոշում կայացնել և դրա համար օրենքի անհրաժեշտություն չկա»։

Ըստ Փաշինյանի կոռեկտ չէ Ամենայն Հայոց Կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճանակարգության մեջ։

Նախագիծը մերժվեց:

Նույն շարքից