Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հզել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի առթիվ, հայտնում են ԼՂՀ նախագայի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Սիրելի հայրենակիցներ,
Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, տոն, որն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր ժողովրդի կյանքում:
Դեկտեմբերի 10-ը արցախցիների համար նշանավորվեց պետական կարևորագույն իրադարձությունների շնորհիվ, որոնք դարձան մեր հետագա զարգացման հիմքն ու ուղենիշը: 1991 թվականին Արցախը մեկընդմիշտ ընտրեց անկախ ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին և 15 տարի անց կրկին վերահաստատեց ու ամրագրեց այդ պատմական որոշումը` իր աներեր «այո»-ն ասելով երկրի հիմնական օրենքին` Սահմանադրությանը:
Հավատարիմ լինելով ժողովրդավարության նորմերին ու պահանջներին, առաջնորդվելով համամարդկային սկզբունքներով ու արժեքներով, որոնց հիմքում մարդն է, նրա իրավունքներն ու ազատությունները, մենք անցել ենք բարդ ու դժվարին ճանապարհ և հասել շոշափելի հաջողությունների: Սակայն դեռ շատ անելիքներ ունենք այս ուղղությամբ: Օրենքի գերակայությունը և բոլորի հավասարությունը նրա առջև պետք է դառնա կենսակերպ մեր հասարակության համար, պարտադիր պայման լինի յուրաքանչյուրի աշխատանքում և առօրյա կյանքում: Միայն այսպես կարող ենք կառուցել հզոր և զարգացած երկիր:
Թանկագին արցախցիներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս երկտոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: