Լուսավոր Հայաստան կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Հանրապետություն կուսակցության հետ, իսկ թե այլ ուժեր կամ անհատներ կլինեն, թե՝ ոչ, դեռ պարզ չէ: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ Լույս դաշինքը լինելու է գրպանային ընդդիմություն, Գորգիսյանն ասել է, որ նույնիսկ Փաշինյանի ծիծաղը կգա այդ արտահայտությունների վրա։
ԵԼՔ-ի պատգամավորի խոսքերով, հանրապետականներն ամեն ինչ չափում են իրենց արշինով, նրանց ժամանակ եղել են ընդդիմություններ, որոնց վերահսկել են, իսկ իրենց պարագայում որևէ լծակ չի եղել և չի կարող լինել. «Մեր ստեղծման օրվանից մեզ փորձում են սև ուժերի հետ կապել, բայց մենք անընդհատ չենք ապացուցելու, որ ընձուղտ չենք։ Եթե կան փաստեր, թող հրապարակեն: Ամեն ինչ միշտ եղել է և մնում է բամբասանքների մակարդակում»։