Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ ղեկավար է և Ծառուկյան խմբակցության ղեկավարը, ինչպես նաև խոշոր սեփականատեր, ինչպես ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է Գագիկ Ծառուկյանը՝ պատգամավո՞ր, թե գործարար:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են գործարարները ցանկանում հայտնվել խորհրդարանում և ինչ են անում ԱԺ-ում, Էնֆիաջյանը նշել է, որ ցանկացած լրագրող կարող է մոտենալ ցանկացած պատգամավորի և ուղղել հարց, թե ինչ է արել խորհրդարանական գործունեության ընթացքում, ինչ կարող էր անել, որ չի արել և այլն: Իսկ կոնկրետ Ծառուկյան խմբակցության պատգամավորների մասով նա հայտնեց, որ օրենքի պահանջները պահպանվել են:
Լրագրողներն Էնֆիաջյանին նաև հիշեցրեցին Ծառուկյանի խոսքերն այն մասին, որ լրագրողներն անաղուհաց են՝ ցանկանալով իմանալ՝ արդյո՞ք ինքն էլ է այդպես մտածում: Պատգամավորը հայտնեց, որ իրենց քաղաքական թիմի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում նաև ղեկավար Գագիկ Ծառուկյանը շատ լավ փոխհարաբերություններ ունեն լրագրողների հետ. «Խոսքն այն մասին է, որ կատարված բազմաթիվ աշխատանքներ կան, ինչի հետ կապված որոշ լրագրողներ երբեք լուսաբանումներ չեն անում։ Բայց միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ Գագիկ Ծառուկյանի և մեր քաղաքական թիմի կատարած աշխատանքները տեսանելի են մեր երկրի, ժողովրդի համար և այն բոլոր մարդկանց համար, ովքեր ցանկանում են տեսնել այդ աշխատանքը»։