Մենք չունենք պատմության կաղապարներ, մենք ունենք ազգային արժեքներ և անթույլատրելի է դրանցից հրաժարվելը: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, որ պետք է հրաժարվել պատմության կաղապարներից, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ նկատի ունի հայկական ավանդական ընտանիքները, պատմական ձեռքբերումները, ղարաբաղյան հարցը. «Դրանք պատմություն են, իսկ պատմությունից և անցյալից հրաժարվել նշանակում է կասկածի տակ դնել ապագան»:
Բաղդասարյանը խոսեց նաև Բոլթոնի այն հայտարարության մասին, որ Նիկոլ Փաշինյանի մեծ աջակցությունը հնարավորություն է ստեղծում ԼՂ հիմնախնդրի լուծման համար: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով, ինքը դրա հանգուցալուծումը չի տեսնում. «Այն տարբերակները, որոնք քննարկվում են, դրանց դեմ են և Հայաստանը, և Արցախը, և Ադրբեջանը: Ես չեմ պատկերացնում, թե ինչ լուծում կարող է լինել: Պետք է ավելի բաց տեքստով խոսել, թե ինչ պայմանների դեպքում է այդ հանգուցալուծումը պատկերացնում»:
Բաղդասարյանը հայտարարեց, որ առաջնահերթ պետք է լուծվի Արցախի ինքնորոշման ճանաչման խնդիրը, ինչից հետո կլինի բանակցային փուլը. «Թե ինչպիսի պայմաններ կառաջարկվեն բանակցային պրոցեսում, չեմ կարող ասել»։