Անկարայում պաշտոնյաները Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի՝ հարևան Հայաստան կատարելիք այցի հետ մեծ հույսեր չեն կապում, սակայն նշում են, որ դա հնարավորություն է հարաբերություններն ապագայում «կարգավորելու» համար, գրում է Hürriyet Daily News-ը։
Եթե անգամ այցը կոնկրետ արդյունքներ չտա, այն կարող է ջրբաժան լինել, քանի որ դա կլինի Դավութօղլուի առաջին այցը Երևան՝ 4 տարի առաջ հարաբերությունները նորմալացնելու ջանքերի տապալումից ի վեր։
Դեկտեմբերի 12-ին նախատեսված Դավութօղլուի այցը տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի պատրվակով, այսինքն՝ այն երկկողմ նախաձեռնություն չէ։
Այնուամենայնիվ, ուշադրության արժանի է, քանի որ առաջին հանդիպումն է լինելու 2009թ.-ի հոկտեմբերից ի վեր, երբ դիվանագիտական կապեր սկսելու և սահմանը վերաբացելու քայլերը տապալվեցին։
Hürriyet Daily News-ի հետ զրույցում թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ իրենք չեն գնում հատուկ առաջարկով՝ մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Հայաստանին սահմանի բացման դիմաց առաջարկ է արվելու։
«Բացի այդ, նման առաջարկ անելն այժմ անժամանակ և սխալ կլինի»,-ասել է դիվանագետը՝ չցանկանալով հրապարակել իր անունը։
«Այնուամենայնիվ, եթե երկկողմ հանդիպում տեղի ունենա, մենք կներկայացնենք մեր տեսակետն ու հավատարմությունը տարածաշրջանային խաղաղությանը՝ ներառյալ երկկողմ հարաբերությունների կարգավորումը»,-ասել է նա։
Պաշտոնյան նաև ասել է, որ Դավութօղլուն մտադիր չէ այցելել «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անատոլիայում սպանված հայերի հուշահամալիր»։
«Նախարարը Երևան է մեկնում ՍԾՏՀԿ աշխատաժողովին մասնակցելու։ Հուշարձան այցելություն նրա օրակարգում չկա»,-ասել է դիվանագետը։
Նման մեկնաբանության պատճառ էր դարձել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, ով Դավութօղլուին կոչ էր արել այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։