Ազգային ժողովում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատողություն արեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ նշելով, թե նա կոպիտ պատասխաններ է տալիս պատգամավորների հարցերին: «Երեկվանից վիրավորական պատասխաններ տվեցիք: Ձեր այս ոճը շարունակվում է այսօր, դուք ձեր տանը չեք, պահպանեք ԱԺ կանոնակարգ օրենքը: Դուք մեզ ուղղված ձեր պատասխանները սկսում եք այս ոճով՝ «Դուք իրավունք ունեք հարց տալու»: Մենք գիտենք, որ իրավունք ունենք հարց տալու, ձեզ կառավարությունից ուղարկել են աստեղ, որ մեզ ասեք՝ հարց տալու իրավունք ունենք, թե՞ ոչ: Հետո ասում եք՝ «Դուք խորը սխալմունքի մեջ եք, կարող եք ասել, որ՝ ես համամիտ չեմ Ձեզ հետ, բայց ի՞նչ է նշանակում՝ խորը մոլորության մեջ եք»,- ասաց Մարուքյանը:
Միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով նշեց, որ որևէ նախարար իրավունք չունի վիրավորել պատգամավորին և հակառակը: «Ես ուղղակի ուշադիր չեմ եղել, պարոն Մարուքյան, դա վերաբերում է բոլորին: Որևէ նախարար իրավունք չունի պատգամավորներին վիրավորի, ոչ էլ պատգամավորները` նախարարին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Իր ամփոփիչ ելույթում բնապահպանության նախարարը նշեց, որ չի ցանկացել որևէ մեկին վիրավորել: «Ես որևիցե մեկին վիրավորելու համար չեմ փորձել ինչ-որ բան կատարել: Ես երեկ խոսում էի, Դուք ժպտում էիք: Դուք ասում եք՝ «մեր տուն ես եկել, քեզ խելոք պահի»: Ի՞նչ եմ արել, չարությո՞ւն եմ արել: Բայց խնդրում եմ նկատի ունեցեք, որ սա մեր տունն է եղել, հետո նոր ձերը, ես երկու անգամ պատգամավոր եմ ընտրվել: Ես պատրաստ եմ հարգել, ընդունել, եթե որևէ մեկին իմ գործողություններով, արտահայտություններով վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում, ես նպատակ չեմ ունեցել վիրավորելու»,- նշեց Արամ Հարությունյանը:
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նախատեսվում է վերացնել ձկնաբուծարաններին տրվող արտոնությունները: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իրենց ելույթներում նշել էին, որ այս փոփոխությունների հետևանքով ձկնամթերքը կթանկանա: Ի պատասխան նախարարը ասել էր, թե նրանք «խորը մոլորության մեջ են»: