Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը» նախաձեռնությամբ մեկնարկել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երևան» հաքաթոնը:
Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող ծրագրի նպատակն է մշակել նորարար և հնարավորին ճիշտ լուծումներ՝ բարելավելու քաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը, որոնք վերջնարդյունքում կնպաստեն քաղաքի օդի մաքրությանը:
Միջոցառման հանդիսավոր բացմանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիրան Սարգսյանը, կարևորելով կլիմաթոնի անցկացումը, նշել է, որ Կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոնը միաժամանակ անցկացվում է աշխարհի 45 երկրի 104 քաղաքում:
Յուրաքանչյուր քաղաք հաստատում է իր կլիմայական մարտահրավերը, այնուհետև 24 ժամվա ընթացքում մասնակիցները լուծումներ են մշակում այդ մարտահրավերի համար:
«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությամբ պարբերաբար նախաձեռնում և իրականացնում է կլիմայի փոփոխությունները մեղմելուն ուղղված միջոցառումներ:
Այս տարի հաքաթոնին մասնակցում են շուրջ 40 ծրագրավորման և տվյալների վերլուծության հմուտ երիտասարդներ ու պատանիներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ և նորարարներ, բիզնես մտածողություն ունեցող մարդիկ», - նշել է Տիգրան Սարգսյանը:
«Բնակլիմայական խնդիրները միայն քաղաքային իշխանությանը չեն, այլև յուրաքանչյուրինը՝ անկախ տարիքային սահմանափակման, ուստի մեր նպատակն է մեր համաքաղաքացիներին ներգրավվել քաղաքի բնապահպանական խնդիրների լուծման գործընթացին: Եվ պատահական չէ, որ այս տարի հաքաթոնն անցկացվում է «Մաքուր օդ՝ Երևանին» կարգախոսով:
Վստահ ենք, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կլինեն նորարարական հետաքրքիր մտքեր»,- նշել է «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Նվեր Ստեփանյանը:
Հրավիրված փորձագետները հաքաթոնի ընթացքում ներկայացրել են քաղաքի էներգետիկ կառավարման, բնապահպանական և կլիմայական մարտահրավերներն ու դրանց լուծումների հիմնական ուղղությունները:
Այնուհետև մասնակիցները բաժանվել են թիմերի և լուծումներ մշակել: «Կլիմաթոն Երևան»-ի արդյունքները կամփոփվեն 24 ժամ անց, որից հետո լավագույն գաղափարների հեղինակները հնարավորություն են ստանալու զարգացնել իրենց գաղափարներն ու դրանք կիրառել մայրաքաղաքում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն