Այն, ինչ ակնհայտորեն չի բավարարում Վիլյնյուսից հետո, ճկունությունն է, և հետվիլնյուսյան շրջանում առանցքային ուղերձը պետք է հենց դա լինի:
Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կողմից համատեղ կազմակերպված «Եվրոպական ինտեգրացիա 2013. ԵՄ- Հայաստան հարաբերությունների հեռանկարը Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի հետո» թեմայով քննարկմանն իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նա հավելեց, որ անհրաժեշտ է վերաիմաստավորել Պրահայից Վիլնյուս անցած ճանապարհը և գտնել ամենաճիշտ ուղին՝ հետագա համագործակցության համար:
«Հուսով եմ՝ համատեղ ջանքերով կհաջողվի արդեն բանակցված Ասոցացման համաձայնագրի հիմքի վրա ամրագրել մեր հարաբերությունները կանոնակարգող պայմանագրային նոր շրջանակներ: Եվ չպետք է սահմանափակենք մեր ստեղծագործական միտքն ու երևակայությունը»,- հավելեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Նա հավելեց, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը խմբագրեց, բայց չբեկանեց Հայաստան-Եմ երկխոսության հարաբերությունների օրակարգը և որ Հայաստանը շատ է կարևորում այդ փաստը:
«Նույնն են հավաստում մեր եվրոպացի գործընկերները, ինչը հստակ արտահայտված է Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվեց վիլնյուսյան համաժողովի փակման օրը, և որը արտացոլում է մեր համատեղ ջանքերը ՝շարունակելու համագործակցությունն այս նոր իրականության ու հանգամանքների պայմաններում»,- ասաց նա, ապա հավելեց. «Ըստ այդմ՝ Հայաստանի մասնակցությունը եվրոպական ընտանիքին մեր երկրի գիտակցված և աներկբա ընտրությունն է»:
Վիգեն Սարգսյանը մեջբերեց վիլնյուսյան գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետևյալ հատվածը: «Մենք վճռական ենք շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները: Դրանք ենք՝ կոռուպցիայի դեմ պայքար, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացում, դատական համակարգի անկախության ապահովում, քաղաքացիական հասարակության ամրապնդում և այլն»:
Վիգեն Սարգսյանը, ով առաջարկեց վերաիմաստավորել Պրահայից Վիլնյուս անցած համատեղ ճանապարհը, նշեց, որ նախօրեին վերհիշել է տասը տարի առաջ այս շրջանակներում անցկացված համաժողովում իր բացման խոսքը և արձանագրել, որ այն խնդիրները, որ այն ժամանակ ամրագրվում էին որպես Հայաստան-Եվրամիություն երկխոսության հիմնական նպատակ, կարծես թե, այնուամենայնիվ, անշեղորեն կատարվում են:
Նա հավելեց, որ Վիլնյուսում Հայաստանը վերահաստատեց ԵՄ հետ երկխոսության այն մասը, որ վերաբերում է մեր պարտականություններին, բարեփոխումներին, ու որ դրանք ամբողջությամբ մնում են մեր օրակարգում:
«Առաջիկա տարին շրջադարձային կլինի ԱԳ հետագա զարգացման համար, նոր լուծումների և մոդելների որոնման առումով: Մենք շարունակում ենք ելնել նրանից, որ Լիսաբոնից Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտու գաղափարը անպայման իրականություն է դառնալու քանի որ ինտեգրացիոն գործընթացների համատեղելիությունը բխում է բոլորի շահերից՝ հնարավորություն տալով բազմապատկել տնտեսական զարգացման կարողությունները, ինչպես նաև ամրապնդել տարածաշրջանային և միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Ելույթի խոսքով հանդես եկած Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը ասաց. «ԵՄ-Հայաստան վերանայված օրակարգի համար իհարկե Հայաստանի ընտրությունը՝ անդամակցել Մաքսային միությանը մի քայլ հետ էր Ասոցացման համաձայնագրից և ԽՀԱԱԳ պայմանագրի ստորագրումից, որն արդեն բանակցված ավարտված է: ԵՄ-ն հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումը և շարունակելու է օժանդակությունը այն ոլորտներում, որոնք համատեղելի են Երևանի նոր պարտավորությունների հետ: Հիմնական ուշադրությունը հատկացվելու է քաղաքական, սոցիալական բարեփոխումներին»:
ԵՄ պաշտոնյան նշեց, որ այս առումով և՛ Հայաստանը, և՛ ԵՄ-ն պնդում են այն, որ պետք է վերանայել երկկողմ հարաբերությունների հիմքը, ԵՄ-Հայաստան գործողությունների պլանը, որոնք կփոխարինվեն ապագա հավակնոտ պլաններով:
Եվրոպացի պաշտոնյան ընդգծեց, որ Վիլնյուսում Էշտոն-Նալբանդյան համատեղ հայտարարությամբ երկու կողմն էլ ընդգծեց, որ շարունակում է բարեփոխումները՝ դատական, մարդու իրավունքների, լավ կառավարման և այլ ոլորտներում:
Այս երկու ելույթները, ըստ էության, կողմերի՝ Հայաստանի և ԵՄ-ի պատկերացումներ էին և պատասխաններն էին այն հարցերին, որոնք կազմակերպիչները ակնկալում էին ստանալ համաժողովի ընթացքում:
Այս մասին նշեց, և ՛ Ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը, և՛ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախկին ղեկավար, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով Tert.am-ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ գալիք տարվա հունվարից ԵՄ-ի և Հայաստանի միջև կսկսվեն նոր փաստաթղթի բանակցությունները։ Ըստ որում՝ նա ևս կիսում է որոշ փորձագետների լավատեսությունը, որ այդ նոր փաստաթուղթը կլինի Ասոցացվածի ձևափոխված տարբերակը և կունենա տնտեսական տարրեր:
«Կցանկանայի մի քիչ սկզբից գալ, այս գաղափարը ժամանակին կազմակերպվել էր ՄԶՄԿ-ի կողմից, որի ակունքներում 2003-ին կանգնած էի ես՝ ձեռնարկելով այս նախաձեռնությունը տարին մեկ անգամ Հայաստանում անցկացնում ենք միջոցառում, հարթակ ենք տրամադրում, որտեղ պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են գալ և միասին կիսվել, թե ողջ այդ տարվա ընթացքում ինչ առաջընթաց է տեղի ունեցել, ինչ խնդիրներ կան, ոնց կարելի է համագործակցել»,-ներկայացրեց նա:
Նշենք, որ եղանակային պայմանները և ձյունը որոշակի «խմբագրումներ» է մտցրել համաժողովի մասնակիցների մասնակցության գործում և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, որը գտնվելիս է եղել արտերկրում, չի կարողացել ժամանել Երևան: Նույն պատճառով երևանյան որոշ մասնակիցներ չեն կարողացել ներկայանալ: